211652_close_icon
views-count5770 դիտում article-date 20:43 12-06-2017

Մեկնարկել է խաչատրյանական մրցույթի եզրափակիչ փուլը

Հունիսի 12-ին և 13-ին՝ ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենան եզրափակիչ անցած ութ երգիչները՝ Լիլիանա Նատալի Բյուիքիանս (ԱՄՆ/Սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզով (Ղազախստան/Բարիտոն), Տիգրան Օհանյան (Հայաստան/Տենոր), Էկա Հորստկա (Կատերինա Հորստկա) (Ուկրաինա/Հայաստան/Սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյան (Արցախ/Սոպրանո), Ջուլիետտա Ալեքսանյան (Հայաստան/Սոպրանո), Մերի Մովսիսյան (Հայաստան/Սոպրանո), Գագիկ Վարդանյան (Հայաստան/Բարիտոն)։ Իսկ մինչ այդ նրանք իրենց փորձերն են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ինչպես տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, եզրափակիչ փուլ անցածների թվում է նաև Արցախը ներկայացնող Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո)։ Երգչուհին այս տարի ԱՊՀ երկրների միջազգային Դելֆյան խաղերի ոսկյա մեդալակիր է, միջազգային այլ մրցույթների մրցանակակիր։ Մարիաննային դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար շնորհվել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ։ Մարիաննա Մարտիրոսյանը նշում է, որ միջազգային մրցույթներին մասնակցությունը արտիստին հաղորդում է փորձառություն։ Խոսելով եզրափակչում ելույթ ունեցող մյուս մասնակիցների մասին՝ Մարիաննան նշեց, որ մրցակցությունը դժվարին է լինելու, քանի որ նրանք բոլորը մեծ վարպետություն ունեցող արտիստներ են։ Այնպես որ՝ առջևում լուրջ պայքար է սպասվում։ Մարիաննան ընդգծում է, որ հպարտությամբ է ներկայացնում Արցախի Հանրապետությունը. հայկական երկրորդ հանրապետությունում կան լավ կատարողներ, որոնք մասնակցում են միջազգային մրցույթների և ճանաչում են վայելում աշխարհում։ Հիշեցնենք, որ խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։

Նմանատիպ նյութեր