211652_close_icon
views-count113062 դիտում article-date 10:50 03-05-2017

ԲԱՐԻ ԼՈՒՐ. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը երիտասարդ ընտանիքում ծնվել է հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան գտնվում են գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել. «Բազմաթիվ ծնունդներ են եղել մեզ մոտ՝ ծննդատանը, այդ թվում՝ եռյակներ, երկվորյակներ, ու հիմա երեխաներն ու նրանց մայրը գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ և առիթից օգտվելով՝ թե՛ իմ, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորում ենք ընտանիքի անդամներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասաց. «Շոկի մեջ ենք, ճիշտն ասած։ Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են»։ Գ. Շամշյանի հետ զրույցում ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանն էլ, ով շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունի նշված բնագավառում, ասաց. «1980 թվականից սկսած՝ իմ աշխատանքային ողջ գործունեության ընթացքում առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։ Սա բացառիկ դեպք է։ Ունեցել ենք երկվորյակներ, եռյակներ, անցյալ տարի նաև քառյակ է ծնվել, բայց հնգյակի ծնվելու դեպքն առաջինն է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում՝ 1 սենյականոց բնակարանում, և եթե ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը բարի կամք դրսևորեն, կլուծեն ընտանիքի բնակարանի խնդիրը, իսկ նրանց ուզածը շատ բան չէ. գոնե 3 սենյականոց բնակարան՝ Մեծամոր քաղաքում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր