211652_close_icon
views-count4085 դիտում article-date 20:24 26-04-2017

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսության կարգ

Ապրիլի 24-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսության կարգ՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ: Արարողությանը միացան նաև հայ նախակրթարանցիները, դպրոցականները և երիտասարդները, ովքեր քայլերթով անցան Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնից մինչև Սուրբ Փրկիչ եկեղեցի: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Մեծ եղեռնից դրվագներ պատկերող բացօդյա լուսանկարչական ցուցահանդես, այնուհետև, Գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների, անհատների կողմից ծաղիկներ զետեղվեցին խաչքարի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետի մոտ: Արարողություններին հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության մամուլի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր դատապարտեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրված ժխտողականության քաղաքականությունը, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերը: ՀՀ գլխավոր հյուպատոսն իր ելույթում ընդգծեց նաև, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստի մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելմանը:

Նմանատիպ նյութեր