211652_close_icon
views-count3838 դիտում article-date 19:03 13-04-2017

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Բեսլանի զոհերի հարազատներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է մոտ 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39592300]BBC[/url] ռուսական ծառայությունը: 409 հայցվորները կստանան 2,955 միլիոն եվրո փոխհատուցում: Եվս 88 հազար եվրո պետք է վճարվի որպես դատական ծախսերի փոխհատուցում: Դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչության բոլոր հանգամանքները և պատանդների մահվան պատճառները հետաքննելու համար: ՄԻԵԴ-ը պարզել է, որ ռուսական իշխանությունները տեղեկություն են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին, բայց նրանք չեն ձեռնարկել բավականաչափ միջոցներ վտանգը նվազագույնի հասցնելու համար: Դատարանի կարծիքով՝ պատանդների փրկության գործողությունը նույնպես բավականաչափ մտածված չի եղել: Մոսկվան դատարանին չի ներկայացրել «բավարար և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ օգտագործել է միայն անհրաժեշտ և համաչափ ուժ ու միջոցներ: Հիշեցնենք, որ չեչեն անջատողականները 2004թ սեպտեմբերի 1-ին ավելի քան 1000 պատանդ էին վերցրել Բեսլան քաղաքի դպրոցում: Երեք օր անց ռուսական անվտանգության ուժերը գրոհել էին: Զոհվել էր 385 մարդ, այդ թվում՝ 186-ը երեխա: Վիրավորվել էին մոտ 700 մարդ, որոնց վկայություններով՝ հատուկ ուժերը ոչ համաչափ ուժ են կիրառել: Ոչ մի ռուս պաշտոնյա պատասխանատվություն չի կրել զոհերի մեծ թվի համար:

Նմանատիպ նյութեր