211652_close_icon
views-count3211 դիտում article-date 11:07 05-04-2017

Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»

Եվրոպական Միության ընդլայնումը կարևոր դեր է խաղացել ժողովրդավարության տարածման գործում, սակայն ինտեգրացման ամեն փուլից հետո ավելանում են Միությունը պահպանելու գործում մարտահրավերները։ Եվ այդ առումով ԱՄՆ-ը պիտի ավելին արած լիներ Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացին աջակցելու գործում։ Այս մասին ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2Օ17 թվականի «Անցումային երկրներ» անվանումը կրող ամենամյա զեկույցում, հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3796015.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Freedom House-ի նոր՝ «Անցումային երկրներ 2017» զեկույցն արձանագրել է Հայաստանում ընդհանուր ժողովրդավարության անկում։ 2016-ի համեմատ՝ Հայաստանի ժողովրդավարության միավորը 5.36-ից հասել է 5.39-ի՝ այսպիսով ավելի մոտենալով վատագույն 7 միավորին։ 2008-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել էր 2ՕՕ8 թվականին՝ 5.21 միավորով։ Նախկին խորհրդային ու նախկին կոմունիստական 29 երկրներից 18-ում գրանցվել է ժողովրդավարության անկում՝ արձանագրելով անցած 22 տարիների ընթացքում երկրորդ ամենախոշոր անկումը։ Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ անկումը գրանցվել է Հունգարիայում, ապա՝ Լեհաստանում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, Freedom House-ի «Անցումային երկրներ 2017» զեկույցի նախագծի ղեկավար Նեյթ Շենքանն ասում է, թե չնայած Հայաստանի վրա ռուսական մեծ ազդեցությանը, չի թվում, որ Հայաստանում կիրականացվեն ռուսական ոճի սահմանափակումներ։ Եվ դրա համար կարևոր դեր են խաղում Սփյուռքի ու Արևմուտքի կառավարությունների հետ Հայաստանի կապերը։ «Բայց հարցն այն է, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունն ազդեցություն գործում կառավարության վրա։ Հայաստանում գործում են շատ արդյունավետ մեծաթիվ կազմակերպություններ, սակայն Հայաստանում առկա է մի կառավարություն, որը շատ հաճախ դժկամություն է ցուցաբերում նրանց հետ համագործակցելու հարցում»։ 29 երկրների ցանկում ամենալավ ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում՝ 1.93, ամենավատը՝ Ուզբեկստանում՝ 6.96 միավորով։ Հայաստանը 21-րդ տեղում է, հարևաններից Վրաստանը՝ 17-րդ, Ադրբեջանը՝ 27։

Նմանատիպ նյութեր