211652_close_icon
views-count2671 դիտում article-date 19:06 27-03-2017

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցություն է ունեցել հայ քանդակագործ-խեցեգործ, նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը

Մարտի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն այցելեց Յամանաշի նահանգի Նիրասակի քաղաք, որտեղ մասնակցություն ունեցավ հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը, որին ներկա էին Նիրասակիի քաղաքապետ Հիսաո Նայտոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սատոշի Օմուրան, քաղաքապետարանի կրթության հանձնաժողովի նախագահ Ռեյկո Յամակին և այլ պաշտոնատար անձինք: Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Նայտոն, Նոբելյան մրցանակակիր Օմուրան և դեսպան Հրանտ Պողոսյանը: Շնորհակալություն հայտնելով հայ անվանի քանդակագործի արձանը թանգարանին նվիրելու կապակցությամբ՝ քաղաքապետ Նայտոն շեշտեց, որ նմանատիպ քայլերը խթանում են միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների հետաքրքրության աճը և երկուստեք ավելի ճանաչելի դարձնում մշակույթները։ Արարողությունից հետո Սատոշի Օմուրան ներկայացրեց իր անհատական հարուստ նկարչական հավաքածուն, որը հիմնականում ընդգրկում է ճապոնական գեղանկարիչների աշխատանքները՝ հավելելով, որ իր հավաքածուում առկա են երկու հայ անվանի գեղանկարիչների՝ Վլադիմիր Սահակյանի և Հրանտ Կարախանյանի գործերը: Այցի ավարտին Նիրասակիի քաղաքապետի անունից տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում մասնակիցները մեծ կարևորություն տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությանը՝ երկու ժողովուրդների փոխճանաչելիության և բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր