211652_close_icon
views-count1590 դիտում article-date 14:30 25-03-2017

Կանադա-ԱՄՆ նավթամուղի շինարարության աղմկահարույց նախագիծը գործարկվում է

Թրամփի վարչակազմը հաստատել է կանադա-ամերիկյան «Քիսթոուն» XL նավթամուղի կառուցման նախագիծը, որը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման չեղարկել էր ընդամենը երկու տարի առաջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը: «Տրանս Կանադա» ընկերությունը հնարավորություն է ստացել կանադական Ալբերտա նահանգի նավթը հասցնել մինչև Նեբրասկա. հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3781046.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Դեմ գնալով Օբամայի վարչակազմի որոշմանը՝ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ այս որոշումը բխում է ԱՄՆ-ի շահերից: «Այն փաստը, որ էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումն այսքան հետաձգվեց, խոսում է նախորդ վարչակազմի բացթողումների, մեր քաղաքացիներին և ըկերություններին հիասթափեցնելու մասին: Այսօր մենք ուղղելով անցյալի սխալները և հետևելով «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսին՝ ևս մեկ քայլ ենք կատարում, որը կստեղծի նոր աշխատատեղեր և կապահովի ամերիկացիների տնտեսական անվտանգությունը»: 1,700 կմ ձգվող «Քիսթոուն» XL նավթամուղի նախագծով նախատեսվում է օրական 830,000 բարել նավթի տեղափոխում Ալբերտա նահանգից դեպի Նեբրասկա, այնուհետև՝ Մեքսիկական ծովածոցի նավթազտարաններ: Խողովակաշարի շինարարության դեմ նախորդ ամիսներին բողոքի ցույցեր են կազմակերպել բնիկ ամերիկացիներն ու հասարակական ակտիվիստները, բարձրաձայնելով շրջակա միջավայրի պահպանման առաջնահերթության մասին:

Նմանատիպ նյութեր