211652_close_icon
views-count2221 դիտում article-date 15:32 30-12-2016

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ «Ձեզնից ոմանք արդեն վեց ամիս, ոմանք՝ ավելի շատ, մաս եք կազմել նոր մեծ ընտանիքի, որը կոչվում է Հայոց բանակ։ Բանակ, որի նպատակը մեկն է՝ ձեր փոքր և մեծ ընտանիքների պաշտպանությունը, Հայրենիքի պաշտպանությունը։ Բանակ, որը ռազմի դաշտում է նվաճել տարածաշրջանի ամենախիզախն ու մարտունակը կոչվելու իրավունքը։ Կայացած բանակ, որն աշխարհի տարբեր մասերում իրականացնում է խաղաղապահ առաքելություն։ Բանակ, որի երիտասարդ զինվորը, կյանքի համն ու հոտը դեռ չտեսած, պատրաստ է այն նվիրաբերել հանուն իր ընտանիքի և Հայրենիքի անվտանգության», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց անփորձանք ծառայություն, այնպիսի ծառայություն, որ զինվորների ծնողները և ընտանիքները հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող բարի լուրերով։ Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին:

Նմանատիպ նյութեր