211652_close_icon
views-count4171 դիտում article-date 15:58 25-10-2016

Ցանկանում ենք նախագահի հետ քննարկել, թե հաջորդիվ ինչ քայլեր են ձեռնարկվելու. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ բանակցային ընթացքի ձեռքբերումներին և ակնկալիքներին: «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հնարավորություն կար նախագահների հետ ուղղակիորեն խոսելու մի շարք խնդիրների մասին: Մենք քննարկեցինք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման խնդիրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարության ներքո: Կա համաձայնություն դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու վերաբերյալ, և այստեղ մեր այցի նպատակը այդ համաձայնության իրականացմանը վերաբերող որոշ մանրամասների վրա աշխատելն է»,- ասաց ամերիկացի համանախագահը: «Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում նաև քննարկումներ են եղել բանակցություններում առաջ ընթանալու մասին: Նախագահները վերստին հաստատեցին բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Իհարկե, շարունակում են մնալ անհամաձայնություններ, կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել և որոնց վրա պետք է աշխատել, դա ցանկացած բանակցության մաս է կազմում: Մենք այստեղ՝ Երևանում ցանկանում ենք նախագահի հետ քննարկել այդ խնդիրներից մի քանիսը և թե հաջորդը ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- նշեց ամերիկացի համանախագահը: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հելսինկյան սկզբունքներն ընդունում են բոլոր կողմերը: Դա ներառում է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները: Ապագա ցանկացած համաձայնության հիմքը կլինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի նշված երեք սկզբունքները: Մենք շարունակում ենք այդ սկզբունքներն ընդունել որպես մեր քննարկումների կարևոր ուղենիշ»,- ասել է Ուորլիքը: Ջեյմս Ուորլիքը խոսքն ամփոփեց Մարտին Լյութեր Քինգի հայտնի ելույթի նմանությամբ. «Ես ունեմ երազանք, երբ հայերն ու ադրբեջանցիները կարող են կողք-կողքի ապրել»:

Նմանատիպ նյութեր