211652_close_icon
views-count4079 դիտում article-date 17:33 24-10-2016

«Բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։ Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ջրային կառույցներ» ընկերությանը տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ: Աշնանային տեղումների սեզոնի հետ կապված էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակներն ու վերացնել առկա թերությունները: «Ամեն տարի տեղումների սեզոնին որոշակի ահազանգեր ենք ստանում, որ շենքերի անձրևատար խողովակների վնասվածության պատճառով մեր համաքաղաքացիներն ինչ-ինչ վնասներ են կրում: Հնարավոր նման երևույթները բացառելու նպատակով, համատիրությունների հետ համատեղ, ուսումնասիրեք դրանք, գույքագրեք առկա խնդիրներն ու կարճ ժամանակում վերացրեք նկատված թերացումները՝ ապահովելով դրանց հետագա անխափան շահագործումը», - նշել է Տարոն Մարգարյանը: Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը: «Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր