211652_close_icon
views-count806 դիտում article-date 15:19 07-07-2015

Տեղի է ունեցել «Տարեկան պետական բյուջեի կատարողականի եզրակացության բարելավում» թեմայով համաժողով

Հուլիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել համաժողով՝ «Տարեկան պետական բյուջեի կատարողականի եզրակացության բարելավում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավար անձնակազմը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: «ՀՀ Վերահսկիչ պալատում արդեն մի քանի տարի է՝ բարեփոխումներ են իրականացվում, առ այսօր կատարվել է հսկա աշխատանք: Պատահական չէ, որ մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, ուսումնասիրելով ՀՀ պետական բարձրագույն իշխանության մարմինների աշխատանքը, ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեությանը տվել են ամենաբարձր գնահատականները: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է, և խնդիրներ չկան: Վերահսկիչ պալատը պետք է դառնա կանխարգելիչ օղակ, և աշխատելով օպերատիվ վերահսկողության ռեժիմով՝ պետք է առավելագույնս արդյունավետ իրականացնի իր գործունեությունը: Այսօր գրեթե բոլոր երկրներում պետական բյուջեն 100 տոկոսով ենթարկվում է աուդիտի, և բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը չպետք է լինի առանց աուդիտի եզրակացության: Այդ նպատակով էլ ներկայումս ուսումնասիրում ենք մի շարք երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների մոդելները: Այսօր ՀՀ Վերահսկիչ պալատն ունի ֆինանսական աուդիտ իրականացնելու INTOSAI սկզբունքներին համապատասխան ժամանակակից գործիքակազմ»,- նշեց պարոն Զաքարյանը: ՎՊ եվրոպացի գործընկերները շնորհակալություն հայտնեցին տվյալ աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավերքի համար և նշեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը ՀՀ Վերահսկիչ պալատի հետ: Համաժողովի արդյունքում բանախոսներն ու քննարկման մասնակիցները հաստատեցին մի շարք կարևոր դրույթներ. • Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը պետք է հիմնված լինի բացառապես ֆինանսական և համապատասխանության վերահսկողության հիման վրա: • Ներկայումս աուդիտի անցման հետ կապված առկա են մի քանի թյուրըմբռնումներ. առաջինը վերաբերում է ստուգում վերահսկողության ձևին: Այն խոսակցությունները, որ աուդիտի անցման դեպքում ստուգում այլևս չի արվելու՝ թյուրիմացություն է: Ստուգում ձևի կիրառումն աուդիտի մեթոդով վերահսկողության հիմնական գործիքներից է: Երկրորդ՝ առկա է աուդիտի անցնելու հրամայական, և որ այն սարերի հետևում չէ, այլ մոտ ապագայի գործ է: • Շատ անելիքներ կան նաև օրենսդրական բարեփոխումների հետ կապված: Հատկապես, պետք է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԻՆՏՈՍԱԻ ստանդարտներով պայմանավորված պահանջներին: Ամփոփելով քննարկումը` բանախոսները փաստեցին, որ աուդիտի մեթոդով վերահսկողության անցման ներկայացված ծրագիրը իրատեսական է, և ՀՀ ՎՊ-ն այն հաջողությամբ կարող է իրականացնել:

Նմանատիպ նյութեր