211652_close_icon
views-count1800 դիտում article-date 17:54 24-10-2014

Հայաստանում մշակույթը «ռաբիզացված» է, իսկ ուսանողությունը` ամորձատված. Արամ Մանուկյան

Հայաստանում մշակույթը ռաբիզացված է, գիտությունը մեռած է, ուսանողությունը` ամորձատված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Իսկ մտավորականներին կոչ արեց թոթափել կոչումներ ստանալու ակնկալիքները եւ ընդգծեց, որ իրական կոչումներ տվողը` ժողովուրդն է: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում ասաց, որ եկել են հանրահավաքի ստիպված, քանի որ այլընտրանք չունեն: - Այնպես չէ, որ մենք այս իշխանության հետ կապրիզներ ենք անում եւ ասում` գնացեք: Ամեն ինչ փորձել ենք` չստացվեց: Այս իշխանությունները ի վիճակի չեն, որեւէ բան անելու: Ձեւավորվել է մի համակարգ, որ եթե ազնիվ մարդիկ էլ լինեն եւ ցանկանան փոխել` չեն կարող,- ավելացրեց Վարդան Օսկանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմում կանգնած է հետին նպատակներով վերարտադրվելու նպատակ ունեցող ժողովրդի հակակրանքը վայելող իշխանությունը, իսկ մյուս կողմում` կա միասնական ընդդիմություն, որը վայելում է ժողովրդի համակրանքը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը այսօր ներկայացնելու է ճանապարհային քարտեզ: Ընդգծեց նաեւ, որ պատրաստ են նաեւ նստացույցի` իշխանափոխության հասնելու համար, բայց միայն սահմանադրական ճանապարհով: Իսկ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ Հայաստանը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ, ինչը պայմանավորված է ապաշնորհ կառավարմամբ եւ երկրում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգով` ընդգծելով, որ դա էլ բերում է արտագաղթի: «Անպատժելիությունը եւ կոռուպցիան քանդում են մեր պետականության հիմքերը: Երկրին անհրաժեշտ է արմատական փոփոխություն, որը այս վարչախումբը չի կարող իրականացնել»,- ավելացրեց Ստեփան Դեմիրճյանը:

Նմանատիպ նյութեր