211652_close_icon
views-count1987 դիտում article-date 09:52 02-10-2014

Ռուսական ռուբլու ռեկորդային արժեզրկումը շարունակում է հայաստանցիներին նյարդային վիճակի մեջ պահել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակում է նյարդային վիճակի մեջ պահել հարյուր հազարավոր հայաստանցիների, որոնք ՌԴ-ից դրամական փոխանցումներ են ստանում: Երեկ առավոտյան Մոսկվայի ֆոնդային բորսայում, սակարկությունները սկսվելուց կարճ ժամանակ անց, երկարժույթ զամբյուղը (0.55 դոլար, 0.45 եվրո) հատել է 44.40 ռուբլու սահմանը, ինչը նոր ռեկորդ է: Բացի այդ, սա այն նիշն է, որն ստիպեց ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու հետագա արժեզրկումը կանխելու համար ինտերվենցիաներ իրականացնել. Մի բան, որ չէր արվել այս տարվա ապրիլից: Թերթը հավելում է, որ այս անգամ ռուբլու ռեկորդային արժեզրկման առիթ է հանդիսացել «Bloomberg» գործակալության` անցած գիշեր տարածած տեղեկատվությունը, թե ՌԴ Կենտրոնական բանկը երկրից կապիտալի ահագնացող արտահոսքը կանգնեցնելու նպատակով պատրաստվում է սահմանափակել կապիտալի տեղաշարժը: «Սա իսկական խուճապ էր առաջացրել ներդրողների շրջանում: Ու թեև երեկ օրվա ընթացքում Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունը` հետաքննություն սկսելով հիշատակված տեղեկատվության վերաբերյալ, համընդհանուր խուճապը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ ՌԴ ֆինանսների նախարարությունը հրապարակայնորեն անթույլատրելի համարեց կապիտալի տեղաշարժի սահմանափակումը: Այս հայտարարություններից հետո միայն հաջողվեց իրավիճակը վերահսկել և ռուբլու փոխարժեքը իջեցնել 44.40 ռուբլու միջակայքից ներքև: Սակայն այդ ընթացքում ԿԲ-ն մոտ 600 մլն դոլար էր վաճառել ռուբլու շեշտակի փլուզումը թույլ չտալու համար»,-գրում է «ՀԺ»-ն։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր