211652_close_icon
views-count1067 դիտում article-date 14:11 28-08-2014

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» և ևս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ` վարկային և ֆինանսական գործարքներ իրականացնելիս: Նիստում հավանություն է տրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում: ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակն է հստակեցնել և ճշգրտել օրենսգրքում եղած որոշ դրույթներ: Գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Կառավարության առարկությունը չի հարուցել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Ըստ նրանց հիմնավորման, փոփոխությունների առաջարկությունը կատարվել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության երկար տարիների փորձի հաշվառմամբ: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հեղինակների հետ համագործակցել նախագծի հնարավոր լրամշակման հարցում: Գործադիրը պատրաստ է նախագծերի փաթեթի լրամշակման դեպքում համագործակցել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, ով հանդես է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագծի նպատակն է ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակների, անձը հնարավորություն կստանա իրացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքը: Կառավարությունն սկզբունքորեն ընդունելի է համարել օրենքի նախագիծը` անելով նաև մեկ առաջարկություն: Քննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձենության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, գործադիրն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր