211652_close_icon
views-count466 դիտում article-date 16:38 06-10-2026

Չեխիայի Սենատի պատվիրակությանը հյուրընկալել են Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովում

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մարիամ Պողոսյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության առաջին այս այցելությունը հիմք կդնի երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների արդյունավետ համագործակցությանը: Նա ընդգծել է Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է ուսումնասիրելու Չեխիայի Հանրապետության լավագույն փորձն ու օրենսդրական լուծումները, ինչպես նաև ներկայացնելու տարիների ընթացքում Հայաստանի կուտակած փորձը։

Լումիր Կանտորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու փորձի փոխանակման հնարավորությունը։

Հանձնաժողովի ներկայացուցիչները պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին, Կառավարության կողմից իրականացվող թիրախային նախաձեռնություններին և ծնելիության խթանմանն ուղղված սոցիալական մի շարք ծրագրերին։

Մտքեր են փոխանակվել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի հասցեականության, զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման, կենսաթոշակային տարիքի, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրման շուրջ։

Նմանատիպ նյութեր