211652_close_icon
views-count1477 դիտում article-date 15:56 05-10-2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ տեսակցել է ստահակների կողմից Կոտայքի մարզում հրազենային վնասվածք ստացած պարեկային ծառայողին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, այսօր` հոկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս տեղեկություն են ստանում, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչից հետո պարեկները պարզում են նրա երթուղին և տեսնելով ավտոմեքենան, «կանգառ» ազդանշան են տալիս, սակայն վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին։

Ստահակները ոչ միայն շարունակում են դիմել փախուստի, այլ նաև ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակում պարեկների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու պարեկ վիրավորում է ստանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզի պարեկները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի և Չարենցավանի համայնքային ոստիկանների հետ, կարողանում են հայտնաբերել նշված ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ, նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր պարեկներից մեկը 36 տարեկան է, և նա հիվանդանոց է տեղափոխվել զույգ դաստակների հրազենային վիրավորումով։

Նմանատիպ նյութեր