211652_close_icon
views-count430 դիտում article-date 14:40 14-09-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ «Վեոլիա ջուրը», քաղաքապետարանն ու թաղապետարանը պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում․ տունը փլուզման շեմին է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի 18 տան սեփականատեր Ալբերտ Մանուկյանը դիմում է տարբեր պատկան մարմինների, որպեսզի գան և վերացնեն իր տան հետևում առաջացած խմելու ջրի վթարը: Հոսող ջուրն անխնա լցվում է սեփական տան նկուղները՝ խարխլելով հիմքերը, որոնք քաղաքացին նոր էր սկսել նորոգել ու ամրացնել:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մանուկյանն ասաց.

«Մոտ 20 օր առաջ փողոցում վթար կար. «Վեոլիա ջրից» երկար սպասեցնելուց հետո եկան, նորոգեցին: Դրանից հետո սկսեցի տան հիմքերն ամրացնել՝ հույս ունենալով, որ այլևս ջրերը չեն լցվի նկուղներ, և կկարողանամ աշխատանքներն ավարտին հասցնել: Սակայն աշխատանքները նոր սկսած՝ նկատեցի, որ էլի նկուղային հատվածում ջուր է կուտակվում: Փորեցի տանը կից հատվածը և տեսա, որ մոտ 2 մետր խորության վրա խմելու ջուր է դուրս գալիս, որը հավանաբար այդտեղ է լցվում փողոցի կողմից: Սկսեցի զանգահարել թե՛ «Վեոլիա ջուր», թե՛ քաղաքապետարան, թե՛ թաղապետարան, սակայն նրանք սկսեցին պատասխանատվությունը մեկը մյուսի վրա գցել և այդպես էլ չեկան՝ տեսնեն, թե ինչ խնդիր է: Փաստացի մաքուր խմելու ջուրն անխնա հոսում է, լցվում նկուղները և տունը դարձնում վթարային: Մեր զանգերին օպերատիվորեն արձագանքեց միայն ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը, ովքեր պարտաճանաչորեն եկան, զննեցին տարածքը, ասացին, որ իրենք անելիք չունեն և խորհուրդ տվեցին դուրս գալ տնից, քանի որ շենքը կարող է նստվածք տալ ու փլուզվել»:

Բնակիչները հույս ունեն, որ պատկան մարմինները վերջապես կսթափվեն, կդադարեցնեն անտարբերությունն ու անհապաղ միջոցներ կձեռնարկեն վթարը վերացնելու և քաղաքացուն անօթևան թողնելու վտանգը չեզոքացնելու համար:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր