211652_close_icon
views-count1537 դիտում article-date 14:08 22-08-2026

Վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Փարաքարի «Գայի» պոստի մոտ 25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Գայի» պոստի մոտ 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Մկրտչյանը և Սերգո Համբոյանը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր