211652_close_icon
views-count1735 դիտում article-date 18:20 27-07-2026

Կառավարության ֆինանսավորմամբ 2 տարի առաջ հիմնանորոգված Մեծամոր խոշորացված համայնքի Արտաշար-Զարթոնք մի քանի կիլոմետրանոց ճանապարհը որոշ ավազահանքերի տերերի ագահության պատճառով ավիրվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տարիներ առաջ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութեր էր հրապարակել, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Արտաշար և Զարթոնք գյուղերը կապող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի անբարեկարգ, մարդաբոյ փոսեր հիշեցնող վիճակի մասին։ Հրապարակմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել հարյուրավոր գյուղացիներ իրենց խնդրանքը, որպեսզի կառավարությունը հիմնանորոգի ճանապարհը, և կառավարությունը շատ արագ հիմնանորոգեց մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, ինչը ոգևորությամբ ընդունվեց բնակիչների և այդ ճանապարհով երթևեկող վարորդների կողմից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 տարի չանցած՝ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգված ճանապարհի որոշ հատվածներ վարորդների համար դարձել են պատուհաս։ Պատճառը այդ ճանապարհով երթևեկող ինչ-որ ավազահանքերի տերերի «ագահության» հետևանքով ծանր բեռնատարների՝ ավել քաշով երթևեկելն է։ Այս օրերին, եղանակի տաքացման պատճառով, ակնհայտ է, որ նաև ասֆալտն է տաքանում, իսկ չափից ավելի քաշով բեռ տեղափոխող բեռնատարներն ասֆալտի հերն անիծում են, ու հիմա մարդկանց մոտ տպավորություն է, թե կառավարությունն անորակ ասֆալտ է արել։

Հիմա ճիշտ կլինի, որպեսզի Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը պարտավորեցնի այդ ավազահանքերի տերերին, որպեսզի իրենց թափանները լցնելու համար կարևորագույն ճանապարհը չփչացնեն, ու պարտավորեցնի, որպեսզի հենց նրանք ճանապարհի վնասված հատվածներն իրենց միջոցների հաշվին վերանորոգեն։

Կարծում ենք՝ այս խնդիրը նաև պետք է իր անմիջական հսկողության տակ պահի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ում շատ հաճախ կարելի է տեսնել հանրապետության տարբեր մարզերում ճանապարհաշինարարների հետ հանդիպումներում և նրանց հետ առօրյա կատարված աշխատանքների քննարկումներում։

Ավելի վաղ SHAMSHYAN.comհայտնել էր  որ Արմավիրի մարզում նույնպես հսկայածավալ աշխատանքներ էին իրականցվել և այն շարունակվում է մինչև հիմա։ Անգամ այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ էին ասֆալտապատվել ու կահավորվել երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ նշաններով, որ վերջին 30 տարում այնտեղ ոչ մի գործ չի կատարվել, գաղտնիք չէ։ Երբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, շատ արմավիրցիներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ անկեղծ շնորհավորանքներ էին ուղղում նորանշանակ նախարարին, բայց նաև խնդրում էին, որպեսզի նա հետևողական լիներ իր ղեկավարած նախկին մարզում որոշ կամուրջների հիմնովին վերակառուցման աշխատանքներին։ 

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Զարթոնք ու մի քանի գյուղեր կապող կամուրջը ամբողջությամբ կարելի էր ասել վտանգ էր իրենից ներկայացնում։ Դեռ սովետական տարիներին կառուցված կամուրջն արդեն բաժանվել էր 4 մասի։ Առաջացել էին «մարդաբոյ» փոսեր ու ճաքեր ու դրա վրայով երթևեկում էին մի քանի գյուղերի բնակիչներ, ինչպես նաև Հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից՝ այդ հատվածով անցնող բեռնատարներ։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին․ «Այս տարի սուտ կլինի, որ Կառավարությունը կկարողանա այս կամուրջը փրկել կործանումից, բայց գոնե մյուս տարի մի բան անեն։ Անկեղծ ուրախացանք, երբ իմացանք, որ մեր մարզպետն է նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ու ուզում ենք հավատանք, որ ինքը հետևողական կլինի, որպեսզի այս կամուրջը փրկեն կործանումից»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր