211652_close_icon
views-count715 դիտում article-date 14:49 19-06-2026

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում. 1 ամիս է՝ ավազահանքերի տերերի ագահության պատճառով գետի «հերն անիծվել է», ինչի պատճառով հարյուրավոր գյուղացիներ կորցրել են տոննաներով բերք, իսկ մեծ թվով տների նկուղներ լցվել են ջրով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 1 ամիս է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար գյուղում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ գյուղացիների, «Սև ջուր» անունը ստացած գետի ընդերքի չմաքրման պատճառով ջուրը ողողել է բնակիչների կողմից մշակված ցանքատարածությունները, այգիները, բակային հատվածները, անգամ՝ տան նկուղները։

Այսօր՝ հունիսի 19-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, արդարացիորեն ու զայրացած, իրենց խոսքն էին ուղղում պատկան մարմիններին՝ ասելով.

«Մեկ ամիս է՝ գյուղը հայտնվել է արտակարգ իրավիճակում, ու մեկ ամիս է՝ մեզ միայն օգնության են հասնում Մասիսի հրշեջ-փրկարարները։ Ուրիշ ոչ մի կառույցից ոչ օգնություն, ոչ աջակցություն, անգամ չեն բարեհաճում գան, տեսնեն, հասկանան, ոնց լուծեն խնդիրը։ Մասիսի քաղաքապետը չկա, Արարատի մարզպետարանից ու Մասիսի քաղաքապետարանից ոչ մի դրական արձագանք, անգամ դիմել ենք ոչ միայն իրենց, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, էնտեղից էլ ոչ մի պատասխան։

Այդ ընթացքում բոլորիս ցանքատարածությունները, մշակված այգիները արդեն նեխում են։ Մեզ միայն օգնության են հասել Մասիսի հրշեջ-փրկարարները, ովքեր տան նկուղներից հատուկ նասոսների միջոցով ջուրը հեռացնում են, բայց մեկ ու կես ժամ հետո ջուրը նորից լցվում է։ Հիմա չգիտենք, թե որ կառույցին դիմենք։ Էս խնդիրը պետք է լուծի Ջրային պետական կոմիտեն, որտեղից էլ ոչ մի դրական պատասխան չկա, և պետք է Արարատի մարզպետը խիստ մոտեցում ցուցաբերի էդ չակերտավոր ասած ավազահանքերն օգտագործող շեֆերի նկատմամբ, պարտավորեցնի, որ գետի հերը չանիծեն իրենց մի քանի կոպեկի համար։ Շան գլուխը թաղված է դրանց տակ։ Թող ավազահանքի տերերին ոչ միայն թափ տան, այլ նաև աշխատեն բնության հերը չանիծեն։ Ընդերքը պիտի մաքրվի, իսկ եթե ոչ, գյուղում կավելանան վթարային տները, և ամբողջ բնությունը կվերանա»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր