211652_close_icon
views-count1477 դիտում article-date 19:32 03-07-2026

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կրակի լեզուները չհասան բնակչի տուն․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Բադալյանը և Էդգար Սիրեկանյանը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տանը։ Այրվել է բակի խոտածածկ տարածքը, բակում գտնվող փայտե արկղերը և մոխրակույտի է վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են տան և ավտոմեքենայի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ եթե հրշեջ փրկարարները օպերատիվ չգործեին, ապա բնակելի տունը նույնպես մոխրի կվերածվեր։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր