211652_close_icon
views-count427 դիտում article-date 10:04 16-06-2026

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ՝ հունիսի 15-ին մեկնարկել և մինչև 19-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվելու է «Հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման և իրականացման» թեմայով ազգային աշխատաժողովը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

«Աշխատաժողովին մասնակցում են ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։ 

Աշխատաժողովի առանցքում հոկտեմբերին Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգությունը պատշաճ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներն էին։ 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շարունակական աջակցության և փորձագիտական ներուժը Հայաստանի գործընկերների հետ կիսելու պատրաստակամության համար։ Նրա խոսքով՝ COP17-ի շրջանակում ՆԳ նախարարությունն ունի առանցքային դերակատարում՝ հասարակական կարգի պահպանության, ծառայությունների համակարգման և միջուկային անվտանգության ապահովման ուղղություններով։ 

Քննարկվել են հանրային միջոցառումների ժամանակ միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, տեխնիկական և մարտավարական թիմերի փոխգործակցության, միասնական արձագանքման և հաղորդակցության կազմակերպման հարցեր։ 

Մինչև COP17 համաժողովը նախատեսվում են անցկացնել նաև գործնական վարժանքներ՝ տարբեր սցենարային իրավիճակներում ծառայությունների արձագանքման կարողությունները զարգացնելու և միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր