211652_close_icon
views-count367 դիտում article-date 12:05 28-05-2026

Արտակարգ իրավիճակ Արցախի փողոցի՝ ամեն պահի փլուզման ենթակա 61/3 շենքում. դա քիչ էր, հիմա էլ «Վեոլիա ջուրն» է 100-ից ավելի բնակիչների կյանքը վերածել դժոխքի. բնակիչներն ասում են՝ ինչ իշխանություն եկավ, բոլորի խոստումները օդ դուրս եկան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 61/3 շենքի բնակիչները հայտնվել են անջուր վիճակում։

Երեկ՝ մայիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Դեռ ԽՍՀՄ տարիներից բնակվել ենք այստեղ, անգամ կան բնակիչներ, որոնք հարս են եկել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել, տղաների ճանապարհել բանակ ու հիմա էլ թոռների ենք մեծացնում։ Բայց ամեն Աստծո օր, երբ արթնանում ենք, փառք ենք տալիս բարձրյալին, որ շենքը չի նստել, քանի որ շենքն ամբողջությամբ վթարային է, նույնիսկ 4-րդ կարգի, ու 30 տարուց ավելի է՝ ինչ իշխանություն եկավ, մեզ խոստացան՝ կամ շենքը կհիմնանորոգեն, ամրացնեն հիմքերն ու պատերը, կամ էլ որպես բարի կամքի դրսևորում մեզ տնով կապահովեն։ Բայց բոլոր իշխանությունների խոսքերը լոկ բառեր էին։ Միայն Նիկոլ Փաշինյանն էր, որ գոնե սեփականության թուղթ մեզ տվեց։ Ճիշտ է, դրա համար շնորհակալ ենք, բայց անկեղծ, քարե դարում երևի ավելի անվտանգ կապրեինք, քան էս 3 հարկանի, ամեն պահի փլուզման ենթակա շենքում։ 

Այդ ամենը քիչ է, 4 օր է «Վեոլիա ջուրը», որի պարտաճանաչ սպառողներից ենք մենք, ժամանակին վճարումները կատարում ենք, հիմա 4 օր է՝ մեզ թողել է առանց ջուր։ Զանգահարում ենք այդ ընկերություն ու ասում, որ 4-րդ օրն է ջուր չենք ստանում, պատասխանում են, թե դուք մեր սպառողը չեք։ Բա եթե ձեր սպառողը չենք, տարիներ շարունակ ձեզ վճարում ենք, բա ինչի՞ էիք մեզնից գումարներ գանձում։ Թե էն որ ասում են փողի համն առել եք, ջանդամ, թե սպառողները, օրերով անգամ ամիսներով ջուր չեն ունենա։

Շենքի վթարային լինելու հանգամանքը հերիք չէր, հիմա էլ անջուր մեր առօրյան ենք անցկացնում։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին էլ չենք էլ ուզում դիմել, որովհետև շատ ենք դիմել, ոչ մի օգուտ։ Երևանի քաղաքապետարան էլ դիմել ենք, հակասական պատասխաններ ենք ստանում. մեկ ասում են՝ ձեր շենքը լուրջ վթարային է, էդտեղ ապրելը լինել-չլինելու հարց է, պիտի բնակիչներին ապահովենք բնակարաններով, մեկ էլ կասեն, թե յոլա գնացեք, այսինքն սպասում են, որ շենքում մի արտակարգ, ինչու չէ նաև ողբերգական դեպք լինի, որ նոր խելքներին զոռ տան, մոտ 100 քաղաքացիներին փրկեն կործանումից։

Այս պահին մեզ ավելի շատ մտահոգում է «Վեոլիա ջրի» քար անտարբերությունը, ով կարծես թե միտումնավոր մեզ ջրադուլի ենթարկի։ Բայց էլ ավելի մտահոգիչ է, որ շենքի պատերից երբեմն քարերը թափվում են ու երեխաները, որ այդ հատվածում են խաղում, հրաշքով են փրկվել։ 

Հիմա այս օրերին Հայաստանում 19 քաղաքական կուսակցություններ ու դաշինքներ Ազգային ժողովի խորհրդարանական ընտրապայքար են անում ու առաջարկում ենք այդ թեկնածուներին այցելեն նաև մեզ, որովհետև պիտի իմանան, որ այսօր եթե իրենք իրենց պայքարն են տանում անգամ 1 քվեի համար, ապա այս շենքի մոտ 100 բնակիներ 30 տարուց ավելի է կենաց պայքար են տանում անվտանգ ապրելու համար։ Եվ այդ անվտանգ ապրելու մեջ է մտնում նաև այն, որ մեր շենքի հարևանությամբ որոշ հատվածներ վերածվել են «սոդոմ-գոմորի», գիշերվա ցանկացած ժամի, հիմնականում՝ պարսիկները, իրար հետ վիճաբանում են ու էն աստիճան, որ դրանց գոռոցներն ու անգամ վայնասունը խանգարում է մեր անդորրը։ Ամեն անգամ ահազանգում ենք ոստիկանության Էրեբունու բաժին, այնտեղից ստանում ենք պատասխան, թե իրենք օտարերկրացիներ են, մենք ոչինչ չենք կարող անել։ Լրիվ թեփ հիշեցնող պատասխան։ Այդ հարցով էլ դիմում են ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին, որ գոնե իրենց ենթականերին սթափեցնեն, որպեսզի կանխեն նման լկտի պահվածքը, անգամ եթե կատարողները օտարերկրացիներ են»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր