211652_close_icon
views-count982 դիտում article-date 09:20 21-05-2026

Ցանկացած ներդրում արժեքավոր է միայն այն դեպքում, եթե դրա արդյունքում Հայաստանի քաղաքացին, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանի ապագան իրականում շահում են․ Ստեփան Աթաշյան

Ստեփան Աթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով․ 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն 
ՀՀ կառավարություն 

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը կարևոր է։ Մենք ուրախ ենք, որ երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, ներգրավել խոշոր ներդրումներ և մասնակցել արհեստական բանականության գլոբալ մրցավազքին։

Սակայն ցանկացած նման մասշտաբային նախագիծ պետք է գնահատվի ոչ միայն «միլիարդների ներդրում» գեղեցիկ վերնագրերով, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության իրական շահի, ռիսկերի և երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից։

Այսօր խոսվում է Հրազդանում կառուցվող հսկայական տվյալների մշակման և արհեստական բանականության սերվերային կենտրոնի մասին։ 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի մասին։ Առաջին հայացքից սա տպավորիչ է թվում․ բարձր տեխնոլոգիաներ, միջազգային ներդրումներ, նոր հնարավորություններ։ Բայց կա մի շատ կարևոր հարց, որի մասին գրեթե չի խոսվում՝ իսկ ո՞րն է Հայաստանի իրական օգուտը, և արդյոք այդ օգուտը համեմատելի է լինելու մեր կրած բեռի հետ։

Ժամանակակից AI սերվերային կենտրոնները աշխարհում համարվում են ամենաէներգատար և ամենաջրատար ենթակառուցվածքներից մեկը։ Հարյուրավոր մեգավատ հզորությամբ սերվերային համալիրները սպառում են ահռելի քանակի էլեկտրաէներգիա՝ շուրջօրյա ռեժիմով։ Այդ սերվերները նաև արտադրում են հսկայական ջերմություն, որի սառեցման համար պահանջվում են մեծ ջրային ռեսուրսներ կամ հզոր սառեցման համակարգեր։ Այսինքն՝ խոսքը միայն «համակարգիչների շենք» կառուցելու մասին չէ։ Խոսքը Հայաստանի էներգետիկ և ջրային ռեսուրսների վրա երկարաժամկետ ու ծանր ազդեցության մասին է։

Պետք է հասկանալ՝ Հայաստանը նավթային կամ գերհզոր էներգետիկ պետություն չէ։ Մեր էլեկտրական ցանցերն առանց այդ էլ պարբերաբար ծանրաբեռնված են, հատկապես ձմռանը և ամռանը։ Եթե հարյուրավոր մեգավատ սպառում ունեցող կենտրոն սկսի աշխատել, ապա դա կարող է լուրջ ճնշում գործադրել ամբողջ էներգահամակարգի վրա։ 

Արդյունքում կարող են անհրաժեշտ դառնալ նոր ենթակայաններ, նոր էլեկտրագծեր, նոր հզորություններ, որոնց բեռը վերջնական հաշվով կարող է ընկնել Հայաստանի քաղաքացիների և պետական համակարգի վրա։
Ջրի հարցը նույնպես չափազանց կարևոր է։ Հայաստանը վերջին տարիներին ավելի հաճախ է բախվում ջրային խնդիրների, կլիմայական փոփոխությունների և ռեսուրսների սակավացման հետ։ Եթե նման մասշտաբի կենտրոնը սկսի հսկայական քանակի ջուր օգտագործել սառեցման համար, ապա պետք է հստակ ներկայացվի՝ որտեղի՞ց է այդ ջուրը վերցվելու, ինչպե՞ս է վերամշակվելու, ինչ ազդեցություն է ունենալու տեղական միջավայրի վրա, և արդյոք դա չի վնասելու համայնքների ջրամատակարարմանը կամ բնապահպանական հավասարակշռությանը։

Ամենակարևոր հարցերից մեկն էլ տնտեսական արդյունավետությունն է։ Շատ հաճախ նման նախագծերը ներկայացվում են որպես «միլիարդավոր դոլարների ներդրում», սակայն իրական տեղական օգուտը կարող է անհամեմատ փոքր լինել։ 

Եթե արդյունքում Հայաստանը ստանում է ընդամենը մի քանի տասնյակ աշխատատեղ, որոշ հարկային վճարումներ և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցում, ապա պետք է բաց ու ազնիվ քննարկում լինի՝ արդյոք սա համարժե՞ք է այն ռեսուրսներին, որոնք ծախսվելու են։

Օրինակ՝ եթե տեսականորեն հայտարարվում է միլիարդավոր ներդրումների մասին, բայց Հայաստանի տնտեսության մեջ իրական մնացող արժեքը կազմում է ընդամենը փոքր տոկոս, ապա առաջանում է տրամաբանական հարց․ արդյոք Հայաստանը չի վերածվում պարզապես էժան էներգիա և ռեսուրս տրամադրող տարածքի, մինչ հիմնական շահույթը դուրս է բերվում երկրից։

Մենք դեմ չենք ներդրումներին։ Ընդհակառակը՝ Հայաստանը պետք է զարգանա, դառնա տեխնոլոգիական կենտրոն և ներգրավի միջազգային խոշոր նախագծեր։ Բայց այդ ամենը պետք է արվի հստակ կանոններով, հանրային վերահսկողությամբ և պետական շահի պաշտպանության պայմաններում։

Պետք է հրապարակվեն՝
էներգիայի իրական սպառման ծավալները,
ջրի օգտագործման հաշվարկները,
շրջակա միջավայրի ազդեցության գնահատականները,
Հայաստանի ստանալիք տնտեսական օգուտի հստակ թվերը,
հարկային և արտոնությունների պայմանները,
ինչպես նաև՝ ռիսկերի կառավարման մեխանիզմները։

Հայաստանի Հանրապետությունը չպետք է առաջնորդվի միայն «մեծ ներդրում» կամ «միլիարդ դոլար» գեղեցիկ վերնագրերով։ Ցանկացած ներդրում արժեքավոր է միայն այն դեպքում, եթե դրա արդյունքում Հայաստանի քաղաքացին, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանի ապագան իրականում շահում են, ոչ թե պարզապես կրում ռեսուրսային բեռը։

Տեխնոլոգիական զարգացումը կարևոր է։ 

Բայց ոչ մի զարգացում չպետք է տեղի ունենա Հայաստանի ջրային, էներգետիկ և ռազմավարական ռեսուրսների հաշվին՝ առանց հստակ հաշվարկի, թափանցիկության և հանրային վերահսկողության։

Գեներացված նկարի մասին։ Մոտավոր հաշվարկներով՝ նման որակի մեկ AI պատկեր գեներացնելու ընթացքում (հատկապես բարձր որակի) կարող է ծախսվել մոտավորապես՝
 ~1-ից 6 կՎտ⋅ժ հոսանք
 ~2-ից 20 լիտր ջուր

Սա կախված է՝
*որ մոդելով է գեներացվել,
*քանի GPU է աշխատել,
*քանի վայրկյան/րոպե է հաշվարկ կատարվել,
տվյալների կենտրոնի սառեցման համակարգից և տվյալ երկրի էներգաարդյունավետությունից։

Համեմատության համար՝
1–6 կՎտ⋅ժ-ը մոտավորապես հավասար է միջին կոնդիցիոների մի քանի ժամ աշխատանքի։
10–20 լիտր ջուրը կարող է հավասար լինել մի քանի տասնյակ բաժակ խմելու ջրի։

#ՄեկՆկարիՀամար
Ես տասը տարի է խոսում եմ այն մասին, որ Հայաստանին անհրաժեշտ են իրական արտադրություններ, գիտելիք ստեղծող ու արտահանող համակարգեր, հազարավոր աշխատատեղեր ստեղծող արդյունաբերություն և երկարաժամկետ տնտեսական հիմք։ Պետք է ներդրվեն մնայուն ու առարկայական գործիքակազմեր, որոնք կզարգացնեն երկրի սեփական ներուժը, այլ ոչ թե Հայաստանը վերածեն պարզապես սպառման և ռեսուրս մատակարարող տարածքի։

Այսօր, ցավոք, հաճախ ստեղծվում է տպավորություն, որ պետական մակարդակով մեծ ձեռքբերում է ներկայացվում այն, որ Հայաստանի ջուրը, էլեկտրաէներգիան, ենթակառուցվածքներն ու ռազմավարական ռեսուրսները գրեթե նվիրաբերվում են միջազգային գիգանտներին՝ «միլիարդավոր ներդրումների» անվան տակ։ Բայց հասարակությունը լիարժեք իրավունք ունի հարց տալու՝ այդ ամենի դիմաց Հայաստանը կոնկրետ ի՞նչ է ստանում։
Եթե վերջնական արդյունքը լինելու է ընդամենը սահմանափակ թվով աշխատատեղ, ծանրաբեռնված էներգահամակարգ, սպառվող ջրային ռեսուրսներ և արտաքին ընկերությունների շահույթի սպասարկում, ապա մենք պարտավոր ենք բարձրաձայնել այդ ռիսկերի մասին։

Հայաստանը չպետք է դիտարկվի որպես էժան հոսանքի և ջրի սպառման աղբյուր։ Հայաստանը պետք է դառնա արտադրող, ստեղծող և սեփական արժեք ձևավորող պետություն։ Մեզ պետք են գործարաններ, տեխնոլոգիական արտադրություններ, ինժեներական կենտրոններ, գիտական արդյունք ստեղծող համակարգեր և հազարավոր մասնագետների համար կայուն աշխատանք ապահովող տնտեսություն, ոչ թե միայն ռեսուրս սպառող հսկայական ենթակառուցվածքներ, որոնց հիմնական շահույթը դուրս է գալու երկրից։

Ահա թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, երբ լայն լիազորություններ և ռազմավարական նշանակության որոշումներ են վստահվում ոչ կոմպետենտ, մակերեսային մտածողությամբ և թերի պատկերացումներ ունեցող մարդկանց 

Պետության երկարաժամկետ շահը փոխարինվում է բարձրագոչ PR-ով, «միլիարդների ներդրում» վերնագրերով և կարճաժամկետ ցուցադրական արդյունքներով, մինչդեռ իրական հարցերը մնում են անպատասխան․
ի՞նչ է շահում Հայաստանը,
ինչքա՞ն ռեսուրս է կորցնում,
ո՞վ է կրելու բեռը տարիներ անց,
և արդյոք այս ամենը ծառայո՞ւմ է ազգային զարգացմանը, թե պարզապես Հայաստանը վերածում է էժան ռեսուրսների և սպառման հարթակի։

#ՊարտադիրԿարդալ
#ՁեզՆեղությունՄիՏվեք
#ԿարաքՉպատասխանեք
Բայց էս տված հարցերը դեռ երկար եք լսելու։ Ու չեք կարողանալու մարսել, եթե բոլոր հարցերին սպառիչ պատասխան չտրվի։

Ձեր անձնական ամբիցիաները, PR-ները ու երկնքում ճախրելը մի կողմ դրեք ու իջեք իրականության դաշտ։ Էս հարցերը պետք է քննարկվեն ոչ թե էմոցիաներով ու «միլիարդների ներդրում» վերնագրերով, այլ կոնկրետ հաշվարկներով, փաստերով ու պետական շահի տեսանկյունից։

Կտրվեք իմ անձի հանդեպ ձեր տածած վախերից։ Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ ու տարիներ շարունակ ուսումնասիրել եմ այս ամբողջ ինդուստրիայի կառուցվածքը, ռիսկերը և հետևանքները։ Մի վարի տվեք էս երկրի ապագան ձեր ճղճիմ ամբիցիաների, չտեսության ու կարճաժամկետ PR-ի պատճառով։

Այսօր դուք ստորագրում եք պայմանագրեր, բայց դրանց բեռը տարիներ շարունակ կրելու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Ուշքի եկեք։

Եթե ինչ-որ մեկը իր թանկարժեք ժամանակը ծախսել է մինչև այստեղ կարդալու համար, ուրեմն մի հատ էլ հետ գնացեք, ֆիքսեք առանցքային հարցերը ու բարձրաձայնեք դրանք բոլոր հնարավոր հարթակներում։

- Ի՞նչ քանակի հոսանք է սպառվելու։
- Ի՞նչ ծավալի ջրային ռեսուրսներ են օգտագործվելու։
- Ի՞նչ ծանրաբեռնվածություն է ընկնելու ՀՀ էներգահամակարգի վրա։
- Քանի՞ իրական աշխատատեղ է ստեղծվելու։
- Որքա՞ն իրական արժեք է մնալու Հայաստանում։
- Ո՞վ է պատասխան տալու երկարաժամկետ ռիսկերի համար։

Սա պարզապես «տեխնոլոգիական ներդրում» չէ։ Սա ռազմավարական նշանակության հարց է, որը կարող է տարիներով ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության, ջրային ռեսուրսների, ենթակառուցվածքների և տնտեսական ինքնիշխանության վրա։

Ու եթե այսօր այս ամենը չքննարկվի սառը գլխով ու պրոֆեսիոնալ մակարդակով, վաղը կարող է արդեն ուշ լինել։
Սա կարող է ավելի մեծ և երկարաժամկետ հետևանքներ ունենալ, քան բնական ռեսուրսների ցանկացած անխոհեմ շահագործում։ Որովհետև այստեղ խոսքը միայն հողի/ընդերքի մասին չէ։ Խոսքը Հայաստանի ապագա ռեսուրսային և տեխնոլոգիական կախվածության մասին է»։

Նմանատիպ նյութեր