211652_close_icon
views-count745 դիտում article-date 23:25 13-05-2026

Գլոբալ ռիսկեր եմ տեսնում. Տնտեսագետը՝ Հայաստան–Թուրքիա ուղիղ առևտրի մասին․ Aysor.am

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանն Aysor.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ տարիներ շարունակ Թուրքիայի հետ Հայաստանի առևտուրը եղել է մոտ 320-330 միլիոն դոլարի սահմաններում.

«Մեր առևտուրը հիմնականում միակողմանի բնույթ է կրել։ Մենք Թուրքիայից մեծ ծավալով ներմուծել ենք ապրանքներ, բայց արտահանումը եղել է շատ փոքր։ Բացառություն է եղել ոսկու վերաարտահանման պատմությունը, երբ երկու տարի առաջ դրա պատճառով արտահանման ցուցանիշները կտրուկ աճեցին։ Բայց եթե նայում ենք իրական տնտեսությանը, ապա Հայաստանը լավագույն տարիներին անգամ 2 միլիոն դոլարից ավելի ապրանք չի արտահանել Թուրքիա։ Շատ դեպքերում խոսքը եղել է ընդամենը հարյուրավոր կամ հազարավոր դոլարների մասին։

Երբ այդ արտահանումը հասնում էր 2 միլիոնի, հիմնականում արտահանվում էր հումք։ Օրինակ՝ կենդանիների կաշիները վաճառվում էին թուրքական ընկերություններին, որոնք դրանք հավաքում ու վերամշակում էին։ Մոտ 2000 տոննա կաշի էր արտահանվում, բայց դրանից բացի՝ լուրջ արտադրական արտահանում գրեթե չենք ունեցել»։

Տնտեսագետի խոսքով՝ ռիսկերը գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ ենք ներմուծում Թուրքիայից։

«Հայաստանը Թուրքիայից հիմնականում ներմուծում է տեքստիլ՝ կտոր, կարի պարագաներ, կոճակներ, շղթաներ, ինչպես նաև  հագուստ։ Միայն այս ոլորտում ներմուծման տարեկան ծավալը հասնում է մոտ 60–70 միլիոն դոլարի։ Բացի այդ, ներմուծվում է  նաև նավթամթերք, պլաստիկ և կենցաղային ապրանքներ, արտադրական սարքավորումներ ու շինարարական գործիքներ»։

Ըստ Մակարյանի՝ եթե ճանապարհները չբացվեն և առևտուրը շարունակվի Վրաստանի միջոցով, ապա փոփոխությունը կմնա թղթին, իսկ եթե կոմունիկացիաները բացվեն,   լոգիստիկան կհեշտանա, ծախսերը կնվազեն, ապրանքների գինը կիջնի։

Մակարյանը մատնանշում է նաև այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ  Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկից հետո.

«Ես ավելի գլոբալ ռիսկեր եմ տեսնում, որոնք կարող են հետո առաջանալ, ոչ սկզբից։ Առաջին մեծ ռիսկը տեսնում եմ ֆինանսական ոլորտում։ Թուրքիան կարող է փորձել աստիճանաբար մուտք գործել մեր բանկային համակարգ, գնել բաժնետոմսեր, ստեղծել վարկային կազմակերպություններ։

Երկրորդ ռիսկը անշարժ գույքի շուկան է. թուրքական կամ թուրքական կապիտալով ընկերությունները կարող են սկսել մեծ ծավալներով շենքեր գնել, հետագայում դրանք կարող են վաճառվել ոչ միայն հայերին, այլ նաև Թուրքիայի, Ադրբեջանի կամ այլ երկրների քաղաքացիներին։

Երրորդ ռիսկը տուրիզմն ու հյուրանոցային բիզնեսն է։ Նրանք կարող են սկսել ակտիվ ներդրումներ անել հյուրանոցներում, հյուրատներում, հանգստյան գոտիներում։

Չորրորդ ոլորտը շինարարությունն է։ Թուրքիան այս ոլորտում շատ ուժեղ է, ունեն սեփական ցեմենտի, ներկերի, խողովակների, շինանյութերի արտադրություն։ Այսինքն՝ կարող են իրենց նյութերով ու տեխնոլոգիաներով մտնել հայկական շուկա և մասնակցել  բնակարանաշինությանը,  ենթակառուցվածքային նախագծերին»։

Տնտեսագետը հավելում է՝ պետությունը պետք է շատ հստակ վերահսկի ամբողջ գործընթացը, որովհետև Թուրքիան կարող է հետաքրքրվել նաև ռազմական արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներով, ուստի Հայաստանը պետք է հստակ որոշի՝ ինչ կարելի է վաճառել, ինչ՝ ոչ։

«Պետական մակարդակում այս հարցերին մակերեսային են մոտենում։ Տպավորություն է ստեղծվում, թե լուրջ ռիսկեր չկան, բայց իրականում կան մի շարք զգայուն ոլորտներ, որոնք պետք է խիստ վերահսկվեն։ Պետք է նաև հիշել, որ 2020 թվականի պատերազմից հետո մի որոշ ժամանակ Թուրքիայից ներմուծումների նկատմամբ հասարակական բոյկոտ կար, ուստի գործընթացը պետք է լինի չափավորված և պետական ռազմավարությամբ կառավարվող»։

Նմանատիպ նյութեր