211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ Երևանում․ Մալաթիայում կեղտաջրերը վարար գետի նման ողողում են մի ամբողջ բնակելի թաղամաս, իսկ Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» հավանաբար զբաղված են «պոպոք-պնդուկ» ու բուդ փնտրելով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count937 դիտում article-date 22:46 09-12-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հաճախակի թե՛ քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե՛ վարչական շրջանների ղեկավարներին հորդորում է, որպեսզի հետևողական լինեն և օպերատիվորեն արձագանքեն քաղաքացիների ահազանգերին՝ խնդիրները կարգավորելու նպատակով։

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի 10/2 և դրան հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին և Մալաթիայի թաղապետարանին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 10 օր է, հավանաբար վնասված կոյուղատարի պատճառով, կեղտաջուրը վարար գետի նման հոսում և մի քանի կիլոմետր անցնում է ավտոտնակների, շենքերի, բակերի մոտով, հասնում անգամ գլխավոր փողոցներ։ 10 օր է, ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Մալաթիայի թաղապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ամբողջ մի թաղամաս տիրում է գարշահոտ վիճակ, անգամ այս եղանակին հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից»։

«Վեոլիա Ջուրը» պատճառաբանում է, թե դա իր գործը չէ, մինչդեռ կոյուղատարը վնասված է ոչ թե բնակչին պատկանող տարածքում, այլ Մալաթիայի թաղապետարանի հաշվեկշռում եղած վայրում, իսկ այդ հատվածների թիվ 1 պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, որի համար մենք՝ բնակիչներս, որպես սպառող, պարտաճանաչ վճարումներ ենք կատարում։

Էս գարշանքի միջով են երեխաները գնում մանկապարտեզ, դպրոցներ, հարևանությամբ գործող պոլիկլինիկա, հիվանդանոց, սննդի կետեր, գեղեցկության սրահներ։ Էլ չենք ասում, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բերված հարմարավետ ավտոբուսները այդ կեղտաջրերի միջով են ուղևորափոխադրում իրականացնում։

Մալաթիայի թաղապետարանից հույս չունենք․ այնտեղից կասեն, թե՝ «Մենք լծակներ չունենք Վեոլիա ջրի վրա ազդելու»։
Մնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր կարգախոսը կյանքի կոչի՝ էն, որ քարոզարշավի ժամանակ ասում էր․ «Ասեք՝ կանենք»։

10 օր է ասում ենք՝ անող չկա»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր