211652_close_icon
views-count3106 դիտում article-date 20:30 01-05-2026

Ինչպես են Ռուսաստանում արձագանքում Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Մայիսի սկզբին Երևանը արևմտյան առաջնորդների ուխտագնացության վայր կդառնա։ Նախ՝ այնտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ այնուհետև տեղի կունենա Հայաստան–Եվրոմիություն առաջին գագաթնաժողովը։ Դրան զուգահեռ պետական այցով հանրապետություն կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փորձագետներն ասում են, որ Բրյուսելն ու Փարիզն անում են ամեն ինչ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայաստանյան իշխող կուսակցության հաղթանակի համար, գրում է ռուսական «Известия» պարբերականը։

Երևանում, բացի այդ հանդիպումից, մայիսի 4–5-ը կանցկացվի նաև Հայաստան–Եվրոմիություն առաջին երկկողմ գագաթնաժողովը։ Ընդգծվում է, որ օրակարգում լինելու են «ռազմական հակամարտությունները Ուկրաինայում և Իրանում, գլոբալ տրանսպորտային միջանցքների ստեղծման և Հարավային Կովկասում բարգավաճման հարցերը»։ Իրենց մասնակցությունն են հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Կարելի է սպասել, որ միջոցառման արդյունքներով եվրոպացի առաջնորդները կհայտարարեն անդրկովկասյան հանրապետությանը ֆինանսական օգնության նոր չափաբաժինների հատկացման և որոշակի լրացուցիչ ներդրումային նախագծերի մասին։ Անկասկած կհնչեն նաև հայտարարություններ վիզաների ազատականացման գործում հաջողությունների և Հայաստանի եվրաինտեգրման ընդհանուր լուսավոր հեռանկարների մասին։

Այդ ամբողջ ակտիվացման գլխավոր և ամենաակնհայտ նպատակը հայաստանյան իշխող կուսակցությանը սատարելն է։ Բանն այն է, որ հունիսի 7-ին երկրում տեղի կունենան կարևորագույն խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն իշխանության կոնֆիգուրացիան առաջիկա հինգ տարիների համար։ Միանշանակ հաղթողը դեռևս պարզ չէ. սոցհարցումները ցույց են տալիս, որ առաջատարության համար պայքարում են հենց Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստանը», որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի օգտին։

Ընդ որում, արտաքին քաղաքական դաշտում խնդիրները բավարար են։ Փաշինյանն իր ձեռքբերումներից մեկն է համարում խաղաղության հաստատումը, սակայն հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ մինչ օրս ամբողջությամբ կարգավորված չեն, Բաքվից և Անկարայից պարբերաբար նոր սպառնալիքներ են հնչում, իսկ Ղարաբաղը կորսված է։

Բացի դրանից, սկանդալային ստացվեց Հայաստանի ղեկավարի վերջերս կատարած այցը Մոսկվա, որտեղ Փաշինյանը սուր հրապարակային բանավեճ ունեցավ ռուսական ղեկավարության հետ։ Նման պայմաններում Հայաստանի իշխանությունները, եվրոպացիների հետ մի շարք բանակցությունների օգնությամբ, ըստ երևույթին կփորձեն ցույց տալ, որ հանրապետությունն արտաքին քաղաքական հաջողություններ, այնուամենայնիվ, ունի։

Արևմտյան առաջնորդներն Անդրկովկասում ունեն իրենց ակնհայտ շահերը։ Նախ՝ Հայաստանը շարունակում է համարվել Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում, հանրապետությունը եվրասիական կարևորագույն միավորումների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է։ Համապատասխանաբար, Բրյուսելը շահագրգռված է նրանով, որ Երևանի և Մոսկվայի միջև հեռավորությունը մեծանա։
Երկրորդ՝ արևմտյան երկրները կցանկանային խզել կապերը Իրանի և Ռուսաստանի միջև։ Անցյալ տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին որոշումը, ընդ որում Թեհրանի ցամաքային կապը միավորման հետ հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։ Նման պայմաններում Երևանի սառցընթացը դեպի Արևմուտք հնարավորություն կտա խարխլել այդ համաձայնագրի իրականացումը։

Բացի դրանից, Եվրոմիությունն այժմ բարդ հարաբերությունների մեջ է ամերիկյան վարչակազմի հետ։ Իսկ Վաշինգտոնն անցյալ տարի սրընթաց ներխուժեց անդրկովկասյան օրակարգ, երբ օգնեց Հայաստանին և Ադրբեջանին նախաստորագրել խաղաղության պայմանագրի տեքստը։ Այն ժամանակ էլ երեք կողմերը պայմանավորվեցին «Թրամփի ուղու» ստեղծման մասին, որը Բաքուն կկապի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Հասկանալի է, որ եվրոպացիները չէին ցանկանա մի կողմ քաշված մնալ նման կարևոր իրադարձություններից։

Վերջապես, ևս մեկ կարևոր պահ վերաբերում է նոր լոգիստիկ միջանցքների ստեղծմանը։ Մասնավորապես, Չինաստանը զարգացնում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը, որի մի մասը պետք է անցնի Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Անդրկովկասով։ Այնուհետև Թուրքիայի տարածքով ՉԺՀ-ից ապրանքները կհասնեն ԵՄ։ Եթե Բրյուսելը կարողանա ամրապնդել իր ազդեցությունն այդ երթուղու վրա, ապա ավելի շահավետ բանակցային դիրքեր կզբաղեցնի Պեկինի հետ երկխոսության մեջ։
Ռուսաստանում անտարբեր չեն անցել նաև Զելենսկու հնարավոր այցի կողքով։
Այսպես, «Взгляд» պարբերականին տված հարցազրույցում քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը հայտարարել է, որ Զելենսկու հրավերը հաստատում է Երևանի կուրսը դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների խզում։

«ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը զգալի չափով նախընտրական բնույթ է կրում։ Եվրոմիությունը փորձում է ցուցադրել իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, ուստի առաջիկա միջոցառմանը Բրյուսելը, հավանաբար, Երևանին ինչ-որ լուրջ բան կխոստանա»,- նշել է Սիլաևը։
«Այդ համատեքստում Հայաստանի կողմից Վլադիմիր Զելենսկուն հրավիրելը ԵՄ-ի հետ մերձեցման գծի տրամաբանական շարունակությունն է երևում։ Այդ մարդու հանդեպ ուշադրությունը դարձել է Փաշինյանի յուրօրինակ քաղաքական տուրքը Եվրոպայի կողմից օգնության դիմաց։ Դա բացահայտ, արդեն ոչնչով չսահմանափակված քայլ է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղղությամբ»,- հավելել է նա։

«Ընդ որում, հատկանշական է հակադրությունը ԵՄ-ի և Վրաստանի փոխհարաբերություններում, որտեղ Ուկրաինայի թեման նույնպես ակտիվորեն օգտագործվում էր ընտրական օրակարգում։ Սակայն այնտեղ երկրին ուղղակիորեն առաջարկում էին Մոսկվայի հետ առճակատման մեջ մտնել, մինչդեռ Հայաստանը կարող է խուսափել դիմակայությունից»,- նշել է զրուցակիցը։
«Իհարկե, Հայաստանի ներսում տեղի ունեցողի նկատմամբ արձագանքը միատարր չի լինի Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների դիրքորոշումների տարբերության պատճառով։

Առանցքային է մնում հարցը, թե ինչպես Զելենսկու հրավերին կարձագանքեն չկողմնորոշված ընտրողները, և արդյոք վարչապետը կկարողանա գրավիչ «փաթեթավորել» տեղի ունեցողը բնակչության այդ հատվածի համար»,- ամփոփել է Սիլաևը։

Նմանատիպ նյութեր