211652_close_icon
views-count835 դիտում article-date 13:04 20-04-2026

Մինչ Երևանի քաղաքապետն անդրադառնում է օրեր առաջ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքին, ինչի պատճառով տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց, Երևանում ստեղծվում են աղբի բուրգեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է օրեր առաջ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին՝ մեկը Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Լավ կլինի, որպեսզի Երևանի քաղաքապետը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար կազմին հորդորի, որպեսզի նրանք աշխատանքներ իրականացնեն աղբահանության ուղղությամբ, քանի որ վերջին շաբաթներին Երևանի որոշ վարչական շրջաններում թերացում է նկատվում աղբահանության ուղղությամբ։

Այսօր նման պատկեր էր նաև Արաբկիր վարչական շրջանից դեպի Սարալանջի փողոց տանող հատվածում, որտեղ Աղբյուր Սերոբ շենքի հարևանությամբ՝ դեպի Լեոնիդ Ազգալդյան փողոց տանող հատվածում տեղադրված աղբամանները կարծես թե հիշեցնեն, որ այդ հատվածում ստեղծվել է աղբի բուրգ, ինչը բավականին տհաճ տեսարան է ոչ միայն բնակիչների, այլև մեծ հոսք ունեցող այդ ճանապարհով երթևեկող վարորդների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 18-ին առեղծվածային ու արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ էր տեղի ունեցել և կային տուժածներ։

Ժամանել էին ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները՝ պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայթյուն էր տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն էր և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկաններն ու պարեկները սպասում էին, մինչև կժամաներ քննչական խումբը, ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր