211652_close_icon
views-count475 դիտում article-date 19:41 19-04-2026

ՊԵԿ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հարկ վճարողներ,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ։Այս օրը լուսավոր առիթ է՝ ընդգծելու Ձեր առանցքային դերը Հայաստանի Հանրապետության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ Ձեր պատասխանատու և հոգատար վերաբերմունքը պետության շարունակական առաջընթացի, տնտեսական աճի և հանրային բարեկեցության կարևոր հիմքերից է։

21-րդ դարում հաջողելու են այն պետությունները, որոնք և որոնց պետական ինստիտուտներն ունենալու են հստակ ձևակերպված տեսլական և առաքելություն։ Այս տեսանկյունից, բխեցնելով Հայաստանի ներկայիս զարգացման տեսլականից, մենք ձևակերպել և վերափոխում ենք ՊԵԿ-ը՝ մեկ միասնակ առաքելությամբ և տեսլականով։

Մեր առաքելությունն է՝ ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Իսկ մեր տեսլականն է՝ Ձեր ՊԵԿ-ը դարձնել դիմանիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։

Սիրելի՛ հարկ վճարողներ,Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է խաղաղ և բեկումնային զարգացման դարաշրջան, որում առանցքային դեր են ունենալու մյուս երկրների հետ հարկային ու մաքսային համակարգերի ինտեգրումը, և որում հաջողելու ենք միայն փոխվստահության, միմյանց և մեր պետության նկատմամբ հոգատարության շնորհիվ։ Հոգատար հարկ վճարելը լինելու է այս ամենի հիմքը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել առաջընթացի ճանապարհին պետական համակարգի ու ՊԵԿ-ի արդյունավետ առաջնորդությունը, ձևավորել՝ Հայաստանը լոգիստիկ և տեխնոլոգիական ապահով հանգույց դարձնելու համար, անհրաժեշտ անվտանգային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ներդնել թվայնացման հեղափոխական համակարգերը։Պետական եկամուտների կոմիտեն՝ ոգեշնչված Ձեր հետ համատեղ տպավորիչ արդյունքներով, ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և շարունակելու է կատարելագործել իր գործիքակազմը՝ պարզեցնելով վարչարարությունը և շեշտակի ընդլայնելով վերլուծությունների, արհեստական բանականության կիրառությունը, թվային ծառայությունները, խելացի գործիքներով պայքարելով ստվերի դեմ և նվազեցնելով բիզնեսի վարչական բեռը։ Մեր նպատակն է՝ աջակցել Ձեզ լինել ավելի արտադրողական ու մրցունակ և ձևավորել այն ուժը, որն առաջ է մղում Հայաստանի բեկումնային զարգացումը։

Եվ ամփոփելով՝ ցանկանում ենք, որ բոլորդ վերագտնեք հարկ վճարելու հոգևոր առաքելությունը։
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր Մեծ Ընտանիքի Բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը՝ հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է այդպիսի կյանք ապահովելու ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը, համոզված եմ՝ յուրաքանչյուրդ զգում եք Ձեր հոգու խորքում։

Մաղթում ենք Ձեզ արդյունավետ աշխատանք, թռիչքաձև ձեռքբերումներ և առաջընթացներ»։

Նմանատիպ նյութեր