211652_close_icon
views-count967 դիտում article-date 12:00 16-04-2026

Նոր Նորքում՝ թաղապետի նստավայրից մի քանի կմ հեռավորության վրա բազմաբնակարանային շենքերի տարածքում, դիտահորից թափվող կեղտաջուրը ամբողջ տարածքը վերածել է գարշահոտ ու հակասանիտարական վիճակի. պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 10 օրից ավելի է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Արտեմ Միկոյան 1 բնակելի շենքի առջև դեռ սովետական տարիներին տեղադրված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում և հասնում Բադալ Մուրադյան փողոց, ինչի պատճառով թե՛ շենքի ու հարակից մյուս շենքերի բնակիչները, թե՛ Բադալ Մուրադյան փողոցի հարևանությամբ ապրող բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ու այդ փողոցում գործող հարյուրից ավելի տնտեսվարող օբյեկտների աշխատակիցներ շնչում են գարշահոտ ու ամեն պահի սպասում են, թե երբ է այդ ամենը վերածվելու վարակի։

Այսօր՝ ապրիլի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«10-15 օր է՝ էս վիճակն է։ 10-15 օր է՝ զանգահարում ենք էլ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, էլ Նոր Նորքի թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», անգամ կառավարություն, բայց ոչ մի դրական տեղաշարժ։ Միայն ասում են՝ խնդրին ծանոթ ենք, կկարգավորենք։ 21-րդ դարում, որը համարվում է տեխնիկայի զարգացման դար, 10-15 օր չկարողանա՞ն էս խնդիրը լուծել։ Ամբողջ տարածքում գարշահոտ է, հակասանիտարական վիճակ։ Չգիտենք էլ որ կառույցին դիմենք։ Մեզ համար ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Նոր Նորքի թաղապետարանը, ո՛չ «Վեոլիա ջուրը» կարծես թե արդեն հասանելի չլինեն։ Մի՞թե այդպես եք սիրում ձեր Երևանը, մի՞թե այդպես եք գնահատում ձեր հարկատուին, չէ՞ որ կանոնավոր կատարում ենք վճարումները։ Բա էս անտանելի վիճակն ո՞վ պետք է վերացնի։

Ընտրությունից ընտրություն սարեր եք խոստանում։ Շուտով սկսվում է քարոզարշավը։ Գալու եք, հերթական անգամ խոստումներ եք տալու, բայց սայլը տեղից չի շարժվելու։

Ի՞նչ անենք, դիմե՞նք կտրուկ միջոցների, հազարավոր բնակիչներ կան, հարյուրավոր աշխատողներ, պատրաստ ենք նույնիսկ փողոց փակել ու դա ձեր ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ 

Ասում եք՝ երեխաներին հանեք մաքուր օդի։ Եթե սա է ձեզ համար մաքուր օդը, ապա ցանկանում ենք, որ այ պատասխանատուները ովքեր չեն վերացնում այս խնդիրը, այդ օդը շնչեն ամեն օր։

Հիմա հույսով ուզում ենք հավատալ, որ գոնե պատասխանատուները կարթնանան արջաքնից ու շատ արագ թերությունը կվերացնեն, հակառակ դեպքում մենք մեր գործողությունների համար պատասխանատու չենք լինի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր