211652_close_icon
views-count2434 դիտում article-date 15:27 14-04-2026

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ գրում եմ որպես մարդ, ով կանգնած է իր տան դռան առաջ և չգիտի՝ վաղը այդ դուռը բացելո՞ւ է, թե՞ ոչ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Ես Ձեզ գրում եմ որպես մարդ, ով կանգնած է իր տան դռան առաջ և չգիտի՝ վաղը այդ դուռը բացելո՞ւ է, թե՞ ոչ։

Ես՝ 75-ամյա Զինա Սիմավոնի Ասատրյանս, մեծ ցավով և հուսահատությամբ դիմում եմ Ձեզ՝ որպես վերջին հույս։

Մեր բնակարանը վաճառվել է աճուրդով՝ առանց պատշաճ ծանուցման։ Մենք չենք իմացել աճուրդի մասին, չենք մասնակցել և չենք ունեցել մեր իրավունքները պաշտպանելու հնարավորություն։

Ավելին՝ դատարանը արդեն արձանագրել է, որ գործընթացը իրականացվել է օրենքի խախտմամբ, և աճուրդի կազմակերպման վերաբերյալ որոշումը ճանաչվել է անվավեր։

Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ես իմ գույքը գրավ չեմ դրել, պարտապան չեմ հանդիսացել և որևէ կերպ երաշխավոր չեմ եղել։ Այնուամենայնիվ, իմ բաժնեմասն էլ է օտարվել հարկադիր կատարման շրջանակում։

Թվում էր՝ արդարությունը պետք է վերականգնվի։
Բայց այսօր նույն գործընթացը շարունակվում է՝ վտարում առանց իրական ծանուցման և առանց հաշվի առնելու դատարանի որոշումները։

Դատարանի կողմից հաստատված է, որ՝
 • մենք պատշաճ ձևով չենք ծանուցվել,
 • խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները,
 • մեզ զրկել են մեր սեփական գույքը ձեռք բերելու իրավունքից,
 • գույքը վաճառվել է շուկայական արժեքից էապես ցածր գնով։

Իմ բաժնեմասը, որի արժեքը կազմել է 5,766,500 դրամ, վաճառվել է ընդամենը 2,887,550 դրամով, ինչի հետևանքով ինձ պատճառվել է զգալի նյութական վնաս։

Ավելին՝ չի կիրառվել օրենքով սահմանված 4,900,000 դրամ նվազագույն փոխհատուցումը, որը նախատեսված է միակ բնակարանի օտարման դեպքում։

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 17-ին, մեր 5 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս թոռնիկս և հղի թոռնուհիս, կանգնած է հարկադիր վտարման վտանգի առաջ՝ առանց որևէ փոխհատուցման։

Ես չեմ հասկանում՝
ինչպե՞ս կարող է քաղաքացին հավատալ պետությանը, եթե իր տունը կարող են վաճառել առանց իրեն լսելու,
և հետո շարունակել նույնը՝ նույնիսկ դատարանի որոշումից հետո։

Ես չեմ խնդրում արտոնություն։
Ես խնդրում եմ միայն մեկ բան՝
որ օրենքը գործի նաև իմ դեպքում։

Ես կորցնում եմ ոչ միայն իմ գույքը, այլ նաև իմ միակ կացարանը, անվտանգությունն ու հավատը, որ արդարությունը կարող է վերականգնվել։

Եթե այսօր հնարավոր է անտեսել մեկ մարդու իրավունքը, ապա վաղը դա կարող է պատահել ցանկացածի հետ։

Խ Ն Դ Ր ՈՒ Մ Ե Մ՝
 • անհապաղ միջոցներ ձեռնարկել մեր ընտանիքի վտարումը կանխելու համար,
 • ապահովել դատարանի կողմից արձանագրված խախտումների լիարժեք քննությունը,
 • տալ իրավական գնահատական պատասխանատու անձանց գործողություններին,
 • վերականգնել մեր խախտված իրավունքները։

Հարգանքով՝
Զինա Սիմավոնի Ասատրյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր