211652_close_icon
views-count5701 դիտում article-date 21:00 09-04-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծի են ենթարկել

Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արման Ի․-ն, 23-ամյա Հայկ Ի․-ն, 20-ամյա Էդգար Մ․-ն և մի քանի դեռևս անձը չպարզված քաղաքացիներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բնակելի շենքի բակում իրենց անձը հասարակությունից վեր դասելով՝ հայհոյանքներ են հնչեցրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ ամենից հետո Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Ա․-ն նրանց դիտողություն է արել, ինչից հետո առաջացել է հրմշտոց և ծեծկռտուք՝ ինչին միջամտել են վերջինիս հայրը՝ 55-ամյա Արտակ Ա․-ն, 20-ամյա Վահե Ն․-ն և այլ անձերը չպարզված անձինք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին հետ համատեղ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել՝ Արման Ի․-ին, Արտակ Ա․-ին և Վահե Ն․-ին, որտեղ անձնական խուզարկությամբ Արման Ի․-ի մոտից հայտնաբերվել է բժշկական կաթոցիչ՝ դեղնականչավուն մոխրացած զանգվածով և ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր