211652_close_icon
views-count307 դիտում article-date 16:07 26-03-2026

ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին

Մերձավոր Արևելքում «իրական ժամանակի ռեժիմով» լայնամասշտաբ ճգնաժամ է ծավալվում առողջապահության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արևելյան Միջերկրածովյան երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանան Բալխին The Guardian թերթի հետ հարցազրույցում։

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և պաշտպանել բժշկական հաստատությունները։

«Իրավիճակը բարդ էր արդեն որոշ ժամանակ, բայց այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, առողջապահական իսկական ճգնաժամ է, որն իրական ժամանակի ռեժիմով ծավալվում է տարածաշրջանի շատ մասերում, – ասել է Բալխին։ – Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդկային կյանքերին, որոնք խլում է պատերազմը։ Խոսքը վերաբերում է (բժշկական օգնության) հասանելիության կոլապսին բազմաթիվ, ամենատարբեր մասշտաբներով, որոնք շատ ավելի մեծ չափով գերազանցում են այն ամենն, ինչ մենք կարող էինք պատկերացնել»։

Տարածաշրջանային տնօրենը նշել է, որ քրոնիկ հիվանդություններով բուժառուների բուժումը խախտված է հիվանդանոցների փակման, ինչպես նաև «հարկադիր փախուստի և տեղահանման» պատճառով։

«Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում իրենց տներն են լքել 3,2 միլիոն մարդ Իրանում և ավելի քան 1 միլիոնը Լիբանանում», – նշել է նա։

Բալխին աղետալի է անվանել հնարավոր գրոհներն աղազերծման կայանների վրա, ինչն առանց խմելու ջրի կթողնի մեծ թվով մարդկանց Պարսից ծոցի երկրներում:

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել էր, որ երկրում հարվածների է ենթարկվել 282 բժշկական կենտրոն, որոնց մի մասը դադարեցրել է աշխատանքը։ Զոհվել է առողջապահության համակարգի 20-ից ավելի աշխատակից։

Նմանատիպ նյութեր