211652_close_icon
views-count1378 դիտում article-date 13:53 20-03-2026

Արմավիր քաղաքում Հյուսիսարևելյանից դեպի Մայիսյան և Ծառաշեն գյուղեր տանող 2 կիլոմետրանոց՝ «մարդաբոյ» փոսերով հայտնի ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս. բնակիչները ամեն մի փոս նմանեցնում են գլոբուսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր խնդրում են, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Արմավիրի նախկին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը ուշադրություն դարձնեն Արմավիր քաղաքում հայտնի Հյուսիսարևելյան ճանապարհից դեպի Մայիսյան և Ծառաշեն գյուղեր տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի անմխիթար վիճակին։

Այսօր՝ մարտի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. 

«30 տարի է՝ հույսով ապրել ենք, որ էս ճանապարհը մի օր կասֆալտապատվի։ Վերջին տարիներին Արմավիր խոշորացված համայնքում և վարչական շրջաններում մի քանի ճանապարհներ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվեցին, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց բնակիչներիս կողմից։ Ճիշտն ասած ուրախացել ու ոգևորվել էինք, որ նաև կհիմնանորոգվի Հյուսիսարևելյանից մինչև Մայիսյան և Ծառաշեն գյուղերը կապող մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհը ու մենք էլ մարդավարի կերթևեկենք այդ հատվածով։ Մինչդեռ մեր ուրախությունը հօդս ցնդեց, կարծես քարե դարում ապրենք։ Որ ուսումնասիրում ենք քարե դարի ճանապարհները, էս ձևի ճանապարհներ չէին լինի։ Ու հիմա խնդրում ենք՝ էնպես արեք, որ ինչպես ժողովուրդն է ասում մեր փողոցում էլ գարուն գա։ Շարժը բավականին շատ է, երեխաները չեն կարողանում ոտքով անցնել, ավտոմեքենաներն էլ ամեն անգամ այդ «մարդաբոյ» փոսերի մեջ հայտնվելուց հետո տանում ենք արհեստավորների մոտ։ Փոսեր կան, որ կարծես ամեն մեկը մի գլոբուս լինի, ինչը կարծես թե խորհրդանշի, որ էս հատվածը գլոբուսից դուրս է։ Կրկին խնդրում ենք պատասխանատուներին՝ մտածեք այս մասին ու այդ 2 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգեք, ինչպես որ հիմնանորոգել եք Արմավիրի մարզում շատ փողոցներ, այդ թվում՝ բակային հատվածներ, որ երբ շտապօգնություն կանչենք, բժիշկները արագ հասնեն։ Թե չէ ինչի է նման, կանչ ենք տալիս շտապօգնություն, որ պետք է բուժառուին մոտենա 10-15 րոպեում, մի ժամ տևում է։ Էլ չենք ասում, որ գիշերային ժամերին արտաքին լուսավորության բացակայության պատճառով չենք կարողանում անգամ ոտքով անցնել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր