Հաղթանակ թաղամասի բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցների՝ ասելով․ «Տիգրան Ավինյան, ինչքա՞ն պետք է ավտոմեքենաներ վնասենք․ երբ է «մեր փողոցում գարուն գալու»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երևանի Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցներից մեկում, վարորդները շարունակում են փոսերի, այդ թվում՝ անձրևաջրերով լցված փոսերի պատճառով վնասել իրենց ավտոմեքենաները՝ կոտրել անվահեծանները, պայթեցնել անիվները և վնասել թափարգելները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները իրենց զայրույթն են ուղղում Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հասցեին՝ ասելով․ «Գույքահարկը կանոնավոր վճարում ենք, բայց ամեն օր ավտոմեքենաներ ենք վնասում։
Նույնիսկ եղել են դեպքեր, երբ փոսերը շրջանցելիս ստիպված խախտում ենք թույլ տալիս՝ դուրս ենք գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, որի ընթացքում նույնիսկ եղել են ավտոմեքենաների բախումներ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը ինչու 4-րդ գյուղում կյանքի չի կոչվում։ Գոնե փոսալցում կատարեք, ինչը որոշ չափով կմեղմի մեր զայրույթը, հակառակ դեպքում, ինչպես խոսք էինք տվել, կդիմենք կտրուկ միջոցների, որոնց մեջ է մտնում ճանապարհներ փակելն ու գույքահարկ չվճարելը։ Սակայն այդ քայլին չդիմեցինք, քանի որ իմացանք, որ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանը փոսալցման համար հանձնարարականներ է տվել, և այսօր՝ մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը, ուզում ենք հավատալ, որ «մեր փողոցում էլ գարուն կգա»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ տևական ժամանակ էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի, գլխավոր ճանապարհը վարորդների ու հետիոտների համար դարձել էր ոչ միայն ցամաքային, այլ նաև ջրային ճանապարհ։
Փետրվարի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մենք կարող ենք էս քաղաքապետարանի անգործության շնորհիվ նաև Հայաստան ներմուծենք փչովի նավակներ ու երթևեկենք դրանցով։ Մի թեթև հենց եղանակը փռշտում է, տեղում է անձրև կամ ձյուն, էս մեր 4-րդ գյուղը վերածվում է Վենետիկի։ Էդպիսի փողոց չկա, որ կամ անձրևաջրերը, կամ ձնհալը ջրով չպատեն։ Ում ասես դիմել ենք, է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ թաղապետարան, անգամ կառավարության աշխատակազմին ենք դիմել, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ամբողջ փողոցները դառնում են անանցանելի, էլ չենք ասում, որ չենք կարողանում երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ տանենք։
Փոսերն այնքան շատ են, որ դա էլ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների համար, նամանավանդ գիշերային ժամերին ու անձրևին։ Անձրևաջրերը լցվում են փոսերը, մարդիկ երթևեկում են այդ հատվածներով ու ավտոմեքենաների կամ անվահեծաններն են կոտրվում, կամ անիվներն են պայթում։
Անկեղծ ասած թաղապետարանից հույս էլ չունենք։ Դիմում ես նրանց, ասում են քաղաքի ասֆալտապատումով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետարան էլ դիմում ես, հայտնվում ես «էշ, մի՛ սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի» իրավիճակում։ Հիմա ի՞նչ անենք, ո՞ր կառույցին դիմենք, որ էս փողոցները կարգի բերեն։
Օրեր առաջ էլ բուժառու էր վատացել։ Շտապօգնությունը որ առաջ րոպեների ընթացքում էր հասնում հիվանդի տուն, հիմա առանց չափազանցության 30 րոպեից ավել է տևում։
Էլ չենք ասում, որ շատ փողոցներում էլ արտաքին լուսավորություն որպես այդպիսին գոյություն չունի։ Էլ չենք ասում, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ եկան, սարեր խոստացան, ասացին՝ ինչ ասեք, կանենք ու մենք էլ հավատալով՝ մեր քվեն տվեցինք Տիգրան Ավինյանի թիմին, բայց հուսախաբ եղանք։ Հիմա առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ինչ երեսով եք գալու մեզնից քվե խնդրելու։ Էդ ժամանակ մենք մերը կասենք, ոչ ասֆալտապատման հարցը լուծեցիք, ոչ թաղամասի բնակիչների 30 տարվա խնդրանքը լուծեցիք տներին սեփականության վկայական տալու հարցում, միայն տրանսպորտի հարցը լուծեցիք, էն էլ թողեցիք կիսատ-պռատ։
Էնպես որ, երբ գաք Հաղթանակ թաղամաս քարոզչության, հիշեք, որ հնարավոր է հայ հայտնի բռնցքամարտիկ Ատոմ Պողոսյանի կողմից նոկաուտի ենթարկվեք, իսկ Ա. Պողոսյանին ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միությունում ու աշխարհում են ճանաչել, երբ հայտնի բռնցքամարտիկ Գասկոյին նոկաուտի էր ենթարկել ու բարձր պահել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև Սովետական Հայաստանի պատիվը։ Հիշեք, որ Ա. Պողոսյանը նույնպես մեր թաղամասի բնակիչ է»։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ մոտ 15 հազարից ավելի բնակչություն ունեցող 4-րդ գյուղում ապրողները սպառնում էին, որ եթե օրերի ընթացքում հարցը չկարգավորվի, ապա դիմելու են կտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Հյուսիս-հարավ ճանապարհը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։