211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Մերձավանում գործող կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ժամանել են հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ տեղում հերթապահություն են իրականացրել Վաղարշապատի շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1849 դիտում article-date 20:22 22-02-2026
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի տարածքում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են կահույքի արտադրամասի աշխատակիցները, ապա ժամանած հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպան բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերի ժամանից հետո հրշեջ փրկարարները կանխել են իրակի տարածումը, ապա մարել այն։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1ԲԻՍ» կանչ։

Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարել են Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալներ Զավեն Մելքոնյանը ու Վահագն Ալավերդյանը։

Բավականին օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր հերթապահություն են իրականացրել, սակայն բարեբախտաբար նրանց օգնության կարիքը չի զգացվել, բայց բժիշկները մինչև հրշեջների աշխատանքի ավարտը մնացել են դեպքի վայրում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խդր Մահմուդյանը և Գոհար Ոսկանյանը։

Տեղում են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Այրվել է ներսում գտնվող կահույք, փայտե պարագաներ, էլեկտրական հաստոցներ, առաստաղը և այլ իրեր։

Ոստիկանությունը պարզում է հրդեհի պատճառները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր