211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Երևանում գործող «Տաշիր պիցցա» սննդի կետերից մեկում․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count10012 դիտում article-date 16:31 26-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, թիվ 1 և թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, բուժակը և հոգեբանը։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհանինսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նվեր Վահանյանը և պարեկ Ռուզաննա Մուսայելյանը։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են սննդի կետում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։  

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր