211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Hyundai Elantra»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր. «BMW»-ի վարորդը՝ ՊՆ ծառայողը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1645 դիտում article-date 09:52 18-02-2026
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրի Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «BMW»-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և ավտոմեքենա  վարելու իրավունք չի ունեցել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր