211652_close_icon

Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Մարկուս Ռիտեր

views-count331 դիտում article-date 18:45 13-02-2026
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետագա գործունեության վերաբերյալ հարցը ԵՄ-ն աշնանը Բրյուսելում կքննարկի Հայաստանի կառավարության հետ: Այս մասին Հայաստանում Եվրոպական միության առաքելության 3-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչի շուրջ համաձայնության ենք եկել, այն է, որ շարունակելու ենք մեր ներկա աշխատանքը։ Մենք կշարունակենք նաև սահմանին հարակից տարածքներում պարեկություն իրականացնել և զեկուցել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի։ Աշնանը Եվրամիությունը Բրյուսելում կքննարկի առաքելության ապագային վերաբերող հարցերը»։

Ռիտերն անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելության՝ շուրջ երեք տարվա կատարած աշխատանքին, գործունեության ուղղություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում առաքելության ունեցած դերին:

«Երբ մենք ժամանեցինք Հայաստան, սահմանին մեծ լարվածություն կար, տեղի էին ունենում կրակոցներ, նույնիսկ կային զոհված և վիրավոր զինծառայողներ։ Դա բավականին դժվար ժամանակաշրջան էր։ Այդ օրերին մենք նաև հասկացանք, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչությունը վախենում էր, որ ինչ-որ նոր բախում կարող է տեղի ունենալ։ Բնակիչները մտահոգված էին նոր և բաց հակամարտության հնարավորությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Այս տեսանկյունից կարող եմ ասել, որ առաքելությունն իրագործվել է՝ ունենալով հաջողություն։ Իրավիճակը հանգիստ և խաղաղ է»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր