211652_close_icon

Աբովյանում նոր բունտ է հասունանում ընդեմ դատավորի կայացրած որոշման․ հազարավոր քաղաքացիներ դիմում են պատկան մարմիններին․ «Ձեր բարի գործը ավարտին հասցրեք ու քաղաքը փրկեք վտանգավոր բենզալցակայաններից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2776 դիտում article-date 19:29 11-02-2026
Տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում ասելով, որ «Մեր անվտանագությունը կարծես թե մշուշով է պատվել, քանի որ Աբովյանում հայտնի «ատոմային ռումբերի խաչմերուկ» անունը ստացած հատվածում ոչ բոլոր բենզալցակայաններն են ապամոնտաժվել, մինչ դեռ մեծ թափով Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը լծվել էին այդ գործին»։

Այսօր՝ փետրվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված հատվածում գտնվող մեծ թվով աբովյանցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Տարիներ առաջ ականատես եղանք, թե Երևանում, թե մարզերում ինչքան արտակարգ դեպքեր տեղի ունեցան բենզագազալցակայաններում, երբ պայթյուն-հրդեհների հետևանքով մարդիկ տուժեցին, այդ թվում եղան ողբերգական ելքով։

Ամեն օր ահը սրտներումս ենք այդ հտվածով անցել, մտածելով թե Աստված չանի էստեղ էլ նման դեպքեր լինեն, թե չէ ով է պատասխան տալու, բայց հետո դիմեցինք Կոտայքի մարզպետարանին, Աբովյանի քաղաքապետարանին, Կառավարությանը, մի քանի անգամ թեժ գիծ են զանգահարել խնդրել, որպեսզի էս վտանգները ապամոնտաժեն։ Երկար ու ձիգ տարիներ հետո ականատես եղանք, թե ինչպես են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր աշխատակազմի հետ ընդառաջելով մեր՝ բնակիչներիս խնդրանքին, սկսեցին մի իսկական լավ գործ։ Այդ բենզալցակայանները, որոնց մեծ մասը կարելի է ասել անգամ վերածվել էր գարշահոտի, քանի որ դրանց հետևի հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ էին, օգտագործվում էր երբեմն որպես զուգարան, գրեթե հիմնական բենզալցակայաններն ու սննդի կետերը ապամոնտաժվեցին և հույսով սպասում էինք, որ մյուս 1-2 բենզալցակայանները նույնպես կապամոնտաժվի, սակայն 2 օր է երկարատև դադարից հետո նշված բենզալցակայանը նորից սկսել է շահագործվել։ Հետաքրքիր է, ո՞վ է թույլ տվել, իսկ այդ թույլ տվողը մարմինի ո՞ր մասով է մտածել։ Եթե էդպես է ապա այդ թույլտվություն տվողին խորհուրդ ենք տալիս գա ու հենց էդ բենզալցակայանների մոտ բնակություն հաստատի։ Տեսնենք ինչ դիրք կնդունի այդ դեպքում։ Մենք պահանջում են Կոտայքի մարզպետից, Աբովյանի քաղաքապետից, որպեսզի այդ բարի գործը մինչև վերջ ավարտին հասցնեն, հակառակ դեպքում Աստված մի արասցե ամեն պահի վտանգը մեր աչքի առաջ է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը այս պահին ոչինչ չեն կարող անել, քանի որ բենզալցակայնի սեփականատերը, ում ինքնությունը փորձում ենք ճշտել, դիմել է քաղաքացիական գործերով դատարան ու դատավորը առանց խնդրին լուրջ ծանոթանալու, առանց  հազարավոր բնակիչների անվտանգությունը հաշվի առնելու մի դարակազմիկ որոշում է կայացրել, որ պետք է բենզալցակայանը աշխատի, մինչև ինքը վերջնական որոշում կկայացնի, իսկ որ մեր դատարաններում դատերը կարող են տևել 5-10 տարի՝ դա գաղտնիք չէ։ Ստացվում է, վարչական գործերով դատավոր Արթուր Ավագյանը խրախուսում է մարդաշատ վայրերում, այդ թվում բազմաբնակարանային շենքերի, հիմնարկ ձեռնարկությունների, դպրոցների, մանկապարտեզների անգամ բժշկական կենտրոնների հարևանությամբ գործող «ատոմային ռումբ» անունը ստացած հատվածում բենզալցակայանի շահագործումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին Աբովյան քաղաքում շարունակվում էին կանաչ գոտիների ավելացման աշխատանքները, որոնք իրականացնում էին Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի անմիջական նախաձեռնությամբ։

Տևական ժամանակ քաղաքապետարանը լծվել էր դեռ սովետական տարիներից աբովյանցիների սիրելի վայր համարվող Աբովյանի պուրակի բարեկարգման աշխատանքների իրականացմանը։

Հիմնովին քանդվել էին աբովյանցիների կողմից «ատոմային ռումբեր» անունը ստացած բենզալցակայանները, ինչը առաջին հերթին բխում էր հենց աբովյանցիների անվտանգությունից, ինչու ոչ, նաև տեսքի էր բերվում նշված հատվածը։

2025թ․ փետրվարի 12-ին Աբովյանի քաղաքապետարանը հերթական անգամ հատուկ տեխնիկաներով ապամոնտաժել էր կանաչ գազոնում կառուցված բենզալցակայանն ու ինչ-որ «ուտուշ-խմուշի» օբյեկտ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Հալալ ա մեր քաղաքապետին ու իրա թիմին։ Մարդիկ հսկայական աշխատանքներ են կատարել ու շարունակում են կատարել Աբովյանը տեսքի բերելու, աբովյանցուն կանաչ քաղաք պարգևելու ուղղությամբ։ 

Երբ լսում էինք, որ հանրապետության որևէ մարզում կամ Երևանում գազաբենզալցակայան է պայթել, միանգամից մեր աչքին էր գալիս մեր քաղաքի՝ Աբովյանի արձանի այս շրջանաձև խաչմերուկը, որտեղ բենզալցակայանների պակաս չկա։ Խորհրդային տարիներին ուրախանում էինք այստեղի կանաչ զանգվածը տեսնելով, իսկ երբ ԽՍՀՄ-ն փլուզվեց, սնկի նման աճեցին բենզալցակայանները և ամեն պահի մեր աչքի տակ ունեինք այն մտավախությունը, որ Աստված մի արասցե եթե պայթյուն տեղի ունենա, ինչ կլինի։ 

ԽՍՀՄ փլուզումից հետո քանի քաղաքապետ փոխվեց, բոլորն էլ ասում էին, թե գործելու ենք ի շահ աբովյանցու, բայց բոլորն էլ ոչինչ չարեցին, նույնիսկ մեր անվտանգության մասին չէին մտածում։Ու հիմա ականատես ենք լինում, թե ինչպես է  մեր սրտի քաղաքապետը լծվել Աբովյանում կանաչ գոտիների ավելացմանը, փողոցների հիմնովին ասֆալտապատմանը, անգամ բակային այնպիսի հատվածներում, որտեղ սովետական տարիներին էլ ասֆալտ չի եղել, բացակայել է արտաքին լուսավորությունը, ու հիմա ահռելի առաջընթաց ենք տեսնում, թե ինչպես է օր օրի մեր երբեմնի քաղաք Աբովյանը դառնում ավելի բարեկարգ ու ավելի մաքուր։ 

Այսօր էլ արդեն տեսնում ենք, թե ինչպես են հերթական բենզալցակայանն ու խորովածանոցը հեռացվում կանաչ գազոնի վրայից ու փոխարենը տնկվելու են նոր ծառեր, որոնք թթվածին են տալու քաղաքին։ Ցանկալի է, որ 1-2 բենզալցակայանների տերեր, որոնց ավելի շատ հուզում է փողի քսակը, քան Աբովյանը շենացնելու գործը,  համաձայնվեն և ինքնակամ ապամոնտաժեն իրենց կողմից կանաչ գազոնների վրա տեղադրված այդ «ատոմային ռումբերը»»։

2025թ․ փետրվարի 12-ին ապամոնտաժվել էր Սիմոնյաննների ընտանիքի կողմից երկար տարիներ շարունակ շահագործվող բենզալցակայանը, ու Սիմոնյանների ընտանիքը, տեսնելով Աբովյանում կանաչապատ տարածքներն ավելացնելու Աբովյանի քաղաքապետարանի իրականացրած ազգանվեր գործընթացը, ինքնակամ համաձայնվել էր, որպեսզի իրենց պատկանող բենզալցակայանը ապամոնտաժվի և Սիմոնյանների ընտանիքի անդամները այսօր քաղաքապետարանի հետ համատեղ ապամոնտաժում էին բանզալցակայանը, քաղաքապետարանն էլ իր շնորհակալությունն էր հատնում Սիմոնյանների ընտանիքին, ովքեր համամիտ լինելով քաղաքապետարանի ձեռնարկած կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներին, համաձայնություն էին տվել և իրենց հետ միասին կանաչ գազոնի վրայից հեռացնում էին բենզալցակայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին 4-5 տարիների ընթացքում Աբովյան քաղաքը նոր շունչ է առնում։ Ստեղծվել ու շարունակում են ստեղծվել նոր խաղահրապարակներ, կանաչ գոտիներ և որ ամենակարևորն է՝ քաղաքը մաքրվում է ապօրինի կառույցներից, քաղաքը, ժողովրդի լեզվով ասած, ազատագրվել ու շարունակում է ազատվել կանաչ գոտիներում, հետիոտների համար անցման վայրերում տարիներով կառուցված քարե շինություններից։ 

2024թ․ հոկտեմբերի 21-ին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը այցելել էին Աբովյան քաղաքի Սահմանադրության  հրապարակ, ժողովրդին հայտնի՝ «բենզինների խաչմերուկ»։

Տևական ժամանակ էր՝ աբովյանցիները իշխանություններից պահանջում էին, որպեսզի իրենց քաղաքը Երևանի նման մաքրեն տարատեսակ պայթյունավտանգ բենզալցակայաններից, ովքեր դեռ տարիներ առաջ ստեղծել էին այդ բենզալցակայանները, թե կանաչ գոտիների, թե հետիոտների համար նախատեսված մայթերի հաշվին։ 

Աբովյանի քաղաքապետարանը ընդառաջել էր բնակիչների արդարացի պահանջին և սկսկվել էր գործընթաց՝ այդ պայթունավտանգ բենզալցակայանները ապամոնտաժելու ուղղությամբ և այսօր բենզալցակայաններից մեկի սեփականատերը, ընդառաջելով Աբովյանի քաղապետարանի հորդորներին, ինքնակամ սկսեց ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում այն վերահսկվում էր Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների կողմից, իսկ քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար ծառայություն էին իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։

Հասարակական կարգը ապահովելու համար ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին խոսել տեսախցիկի առաջ, ասում էին․

«Շատ ճիշտ և խրախուսանքի արժանի գործ է անում մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։ Թե չէ ինչի՞ էր նման, էն մութ ու ցուրտ տարիներին ծառերը կտրեցին, տեղը էս մահաբեր բենզալցակայանները ստեղծեցին, էլ չենք ասում, որ մայթերն էլ գրավեցին։ Երբ Հանրապետության որևե մի մարզում բենզալցակայանի պայթյունի մասին տեղեկություններ էինք ստանում, խաչակնքվում էինք, որ լավա էստեղ նման դեպքեր դեռ տեղի չեն ունեցել, բայց դե ամեն պահի վտանգը աչքներիս դեմն էր։ Ուշացած, սակայն շատ ճիշտ որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետարանը, ինչը առաջին հերթին բխում է հենց մեր՝ քաղաքացիներիս շահերից։ Թող ոչ ոք չփորձի հակադարձել, թե բիզնեսը վերացնում է։ Էդ բիզնեսը կարան Աբովյանի տարածքում այնքան շատ ամայի տեղեր կան, էդտեղ ստեղծեն, այլ ոչ թե բազմաբնակարանային, ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոց, մանկապարտեզ, առողջապահական հիմնարկների, մի խոսքով Աբովյանի ամենամարդաշատ վայրերից մեկում ստեղծեին։ Էլ չենք ասում, որ Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանն էլ մոռացության էր մատնվել, քանի որ եթե սովետական տարիներին բոլորը, այդ թվում՝ զբոսաշրջիկները, գիտեին, որ սա Աբովյանի արձանն է, հիմա այս հատվածը որպես ճանաչողական վայր նշում են «բենզինների խաչմերուկ»։ Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին և կյանքի են կոչում մեր՝ աբովյանցիներիս, անվտանգության երաշխիք հանդիսացող նախաձեռնությունը»:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր