211652_close_icon

Երևանում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտ, «Porsche Cayenne»-ի, «BYD»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5818 դիտում article-date 16:58 04-02-2026
Այսօր՝ փետրվարի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 23-ամյա Արտյոմ Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Արտյոմ Հ.-ն «BYD»-ի ուղևորն էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկները Սևակ Միրզախանյանը և Խաչիկ Զաքարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր