211652_close_icon

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ հայտարարություն

views-count481 դիտում article-date 12:19 17-01-2026
Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։ Այս մասին ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։

Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում տեղեկացնել հանրությանը։

Կուսակցության Գործադիր մարմինը նաեւ իր խորը մտահոգությունը հայտնեց քաղաքական բանտարկյալ, լրագրող եւ բլոգեր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ, ով իր ապօրինի կալանավորման դեմ պայքարի շրջանակներում գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։

Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունը ինչպես Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինը ընդգծեց, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար։

Նմանատիպ նյութեր