211652_close_icon

Երևանում մահվան ելքով վրաերթի դեպքը բացահայտվեց քննիչների ու պարեկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, ապա իրականացվեց «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8077 դիտում article-date 17:33 13-01-2026
Հունվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Ավետիք Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 27-ամյա Մ. Օսիպովի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է հունվարի 8-ին ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, Արցախի փողոցում Չինաստանի Հանրապետության քաղաքացուհուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Մ. Օսիպովը դատարանից  տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռ վրաերթի օրը Մ. Օսիպովի հետ է լինում նաև Երևանի բնակիչ 39-ամյա Ա. Գաիջյանը և դեպքի օրը ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենան հայտնաբերել էին վրաերթի վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա և նշված անձինք դրսում կանգնած փորձել էին մոլորեցնել պարեկներին՝ ասելով, որ իրենք ուղղակի կանգնած են, բայց դա նրանց չէր հաջողվել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Օսիպովի նկատմամբ դատարանը նախկինում 2  անգամ որոշումներ է կայացրել, քանի որ 2 անգամ էլ լինելով ոչ սթափ ու չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենա է վարել։ Ինչպես ասում են՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու քննիչների և պարեկների գրագետ աշխատանքի շնորհիվ ու փաստերի ճնշման տակ է, որ իրական վարորդը բացահայտվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ։

Մինչ կժամաներ քննչական խումբը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն էր վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։

Պարեկները՝ գնդի հրամանատար Ա. Իսախանյանի, գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի ավագ տեսուչ Ասատուր Դոլինյանի գլխավորությամբ, մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերել էին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել էին 2 քաղաքացիների։ Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնել էին, որ մեքենան իրենցն է, բայց իրենք իրենց համար կանգնած են։ Ու այստեղ կարճ ժամանակում պարեկներին հաջողվել էր պարզել, որ վրաերթը տեղի էր ունեցել նշված մեքենայով, ինչից հետո արդեն նշված վայր էր ժամանել քննչական խումբը, որտեղ էլ քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ձերբակալվածների պահման վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Իսկ մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր