211652_close_icon

Տիգրան Ավինյանի որոշ հանձնարարականներ մնում են օդում կախված. պատասխանատուների փնթի աշխատանքի պատճառով Աճառյան փողոցում մի քանի մետր փորված փոսը վարորդների համար դարձել է վտանգավոր ու պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count13754 դիտում article-date 11:58 09-01-2026
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ հաճախ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հորդորում, որոշ դեպքերում էլ ամենախիստ հանձնարարականներն է տալիս վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի նրանք ցուցաբերեն հետևողականություն, ու երբ իրենց ղեկավարած վարչական շրջաններում «Վեոլիա ջուրը», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործողություններ են կատարում ճանապարհները քանդելով, այն է՝ էլեկտրալարեր կամ ջրագծեր անցկացնելու համար, գործն ավարտելուց հետո պարտադիր ասֆալտապատեն իրենց կողմից փորված հատվածները։

Եթե «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն աշխատանքները կատարում է իդեալական՝ անգամ պահպանելով անվտանգության կանոնները և ասֆալտապատումը կատարում են անմիջապես, ապա նույնը չես կարող ասել «Վեոլիա ջուր», որոշ դեպքերում էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում «Վեոլիա ջուրը» մոտ 15 մետր լայնությամբ աշխատանքներ է կատարել դիտահորերի հատվածում, բայց չգիտես ինչու 20 օրից ավելի է ըստ SHAMSHYAN.com ահազանգած վարորդների, չեն բարեհաճել ասֆալտապատել այն, ինչի պատճառով էլ վարորդները վնասում են ավտոմեքենաների անվադողերն ու անվահեծանները՝ այդ կերպ նրանց պատճառվում է նյութական վնաս։

Եթե վարորդների ահազանգած տեղեկությունները հավաստի է, որ պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, ապա Երևանի քաղաքապետարանը, ինչու չէ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարը, պետք է հետևողականություն ցուցաբերեն ու պարտավորեցնեն «Վեոլիա ջրին» ասֆալտապատման հարցը արագ լուծել։ Իսկ եթե մեկ այլ կառույց է կամ մասնավոր ընկերություն, նրան պետք է պարտավորեցնեն։

Քաղաքակիրթ երկրներում նման փնթի աշխատանքի համար կապալառու ընկերությունը կենթարկվեր շատ խիստ պարսավանքի և խոշոր չափի տուգանք կվճարեր, իսկ վնասված ավտոմեքենաների սեփականատերերին էլ հաշված օրերի ընթացքում կփոխհատուցեն, մինչդեռ ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես», կամ վարորդների ասածի նման՝ «եղունգ ունես գլուխդ քորի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր