211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Ճամբարակում․ բախվել են «Mitsubishi Outlander»-ը և դի տեղափոխող «Mitsubishi Grandis»-ը․ վերջինը բախվել է կամրջի արգելապատնեշին․ վիրավորին առաջինն օգնության են հասել ռազմական ոստիկանության ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count59907 դիտում article-date 15:27 05-01-2026
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող  «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները, իսկ դի տեղափոխող ավտոմեքենան էլ պատկանում է «Մայրամուտ» սգո ծառայությանը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր