211652_close_icon

Սկզբից ես Դավիթ Առուշանյանն եմ, հետո նոր Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու փոխքաղաքապետ կամ Շիրակի մարզպետ

views-count1075 դիտում article-date 19:30 23-12-2025
 Կոմունիստական կուսակցության ու Գյումրիի ավագանու մյուս երեք ուժերի հետ, որոնք կառավարում են քաղաքը, որևէ ընդհանուր բան չունենք, մեր տեսլականը լրիվ այլ է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

«Այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իսկ այն հատվող կետը, որը Գյումրին է, բնականաբար, մարզպետարանը ու համայնքապետարանը իրար հետ համագործակցում են, այդտեղ որպես այդպիսի նորություն չկա։ Հայաստանի համայնքների երևի մեկ երրորդում ընդդիմադիր թեկնածուներ են քաղաքապետերը, մենք բոլորի հետ աշխատում ենք, որովհետև այն աշխատանքը, որ տարվում է, չի տարվում քաղաքապետի կամ քաղաքապետարանի համար, այդ աշխատանքը տարվում է քաղաքի ու քաղաքի բնակիչների համար»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Շիրակի մարզում ոչ մի մարզպետ 2 տարուց ավել չի պաշտոնավարել, րագ փոխվում են, Դավիթ Առուշանյանն ասաց, որ չի կարող ասել դրա պատճառը. «Չգիտեմ էլ՝ վեցերորդ մարզպետը երբ է փոխվելու անկեղծ ասած։ Դա բարդություններ առաջացնում է, բայց որոշումը կայացնողը երկրի ղեկավարությունն է, վարչությունն է ու մենք հաշտ ենք այն որոշումների հետ, որը կայացվում են։ Գուցե այդտեղ կառավարչական խնդիր կա, որ փոփոխություններ են պարբերաբար տեղի ունենում, բայց այդ փոփոխություններն էլ գուցեև ի նպաստ մարզի ու քաղաքի է»։

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն իսկ Շիրակի մարզպետի պաշտոնի համար անուններ են շրջանառվում, Դավիթ Առուշանյանն ասաց. «Ես Շիրակի մարզպետն եմ, կոռեկտ չէ թե շրջանառողների կողմից, թե այն անձանց կողմից, ում անունները շրջանառվում են։ Քանի ես այստեղ նստած եմ, ես Շիրակի մարզպետն եմ։

Ամեն դեպքում սկզբից ես Դավիթ Առուշանյանն եմ, հետո նոր Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու փոխքաղաքապետ կամ Շիրակի մարզպետ ու միշտ մնալու եմ Դավիթ Առուշանյան։ Գուցե կան մարդիկ, գուցե չկան մարդիկ, որոնց խանդավառությունը բերում է զայրույթ, բայց էդ լրիվ այլ պատմություն է, ես չեմ ջղայնանում, ես արձանագրում եմ որոշ փաստեր ու շարունակում եմ իմ ճանապարհն ու աշխատանքը։

Կուսակցությունից դուրս գալու մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել, որովհետև բոլորը մեր ընկերներն են։ Վարչության որոշումները միանշանակ ընդունում եմ, որովհետև մեր նպատակը պաշտոն ունենալը չէ, մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի հավերժություն, դեպի ինքնիշխանությունն, դեպի հարատևություն՝ իր բաց սահմաններով ու իր խաղաղությամբ։ Իսկ այդ գաղափարախոսության հետ 100% և եթե հնարավոր է մաթեմատիկորեն դրանից ավել, կիսում են բոլոր կարծիքները ու ճատագովն եմ»։

Նմանատիպ նյութեր