211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին ավազով բարձված «KamAZ»-ը կոտրել է գազախողովակներն ու կողաշրջվել, սկսվել է գազի արտահոսք. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1570 դիտում article-date 15:58 23-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր