211652_close_icon

Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար

views-count1084 դիտում article-date 19:15 21-12-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը ժամանել է Միացյալ Արաբական Էմիրություններ՝ նշելու Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ և քննարկելու երկկողմ հարաբերությունները Պարսից ծոցի երկրի հետ, հայտնում է AFP-ն։

Մակրոնը նախատեսում է հանդիպել ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բեն Զայեդ ալ Նահայանի հետ՝ երկու երկրների միջև «ստրատեգիական գործընկերության ամրապնդումը»քննարկելու համար։ Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ ընդգծվել է նրանց համագործակցության կարևորությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Ֆրանսիայի նախագահը տարեվերջյան տոներն ավանդաբար նշում է արտերկրում տեղակայված զինծառայողների հետ։ ԱՄԷ-ում նրանց թիվը գերազանցում է 900-ը։

Մակրոնը կիրակի օրը հանդես կգա զինծառայողների առաջ, ապա կվայելի Սուրբ Ծննդյան ընթրիքը, որը պատրաստել են Ելիսեյան պալատի խոհարարները։ Ֆրանսիան համագործակցում է ԱՄԷ-ի հետ արհեստական բանականության և առևտրի ոլորտներում, իսկ այժմ ցանկանում է ստանալ Պարսից ծոցի պետության աջակցությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

ԱՄԷ-ում տեղակայված ֆրանսիական զորքերը մասնակցում են ծովային պարեկությանը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Նրանք ներգրավված են նաև Aspides գործողությունում՝ ԵՄ ռազմածովային ուժերի միավորումը, որը տեղակայվել է Կարմիր ծովում՝ ի պատասխան եմենյան հութիների հարձակումներին նավերի վրա, ինչպես նաև «Շամալ» գործողությունում, որը նպատակ ունի զսպել ԻԳԻԼ-ին Իրաքում և Սիրիայում։

Նմանատիպ նյութեր