211652_close_icon

Չինաստանը, Ադրբեջանը և Վրաստանը շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում. Կոբախիձե

views-count1141 դիտում article-date 15:30 08-11-2025
Վրաստանը պատմականորեն կապող օղակ է եղել Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև, և այդ համատեքստում մենք, իհարկե, ցանկանում ենք ուժեղացնել մեր դերը՝ որպես Արևմուտքը և Արևելքը կապող երկիր: Այս մասին CCTV-ի Leaders Talk հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Գրուզիա Օնլայն-ը։

Նշվում է, որ նա ասել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Վրաստանը «շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում տնտեսական կապերի և առևտրային գործընկերության համար»։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ավելի մեծ դեր խաղանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Վրաստանը ռազմավարական դիրք ունի։ Պատմականորեն Վրաստանը կապող օղակ է եղել Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև և այդ համատեքստում մենք, իհարկե, ցանկանում ենք ամրապնդել մեր դերը՝ որպես Արևմուտքը և Արևելքը կապող երկրի։ Բացի այդ, այս համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մեր մասնակցությունը մեզ համար շատ հեռանկարային է։

Մենք ցանկանում ենք առավելագույնս վերականգնել մեր տարանցիկ գործառույթը և դրա համար զգալի ներդրումներ ենք կատարում, հատկապես՝ ենթակառուցվածքներում։ Մենք ամրապնդում ենք Վրաստանի ենթակառուցվածքները։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարում մայրուղիների, ծովային նավահանգիստների, օդանավակայանների և երկաթուղիների կառուցման մեջ, որպեսզի Վրաստանը ավելի ուժեղ խաղացող դառնա՝ աշխարհի տարբեր մասերը միացնելու տեսանկյունից։ «Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Վրաստանը շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում տնտեսական կապերի և առևտրային գործընկերության համար։ Այդ իսկ պատճառով մենք հավատարիմ ենք մնում Միջին միջանցքի, Անդրկասպյան միջանցքի ամրապնդման գաղափարին։ Եվ Վրաստանը հուսալի գործընկեր է մեր շուրջ գտնվող բոլոր երկրների համար։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Վրաստանը կարող է նաև ապագայում բավականին դրական դեր խաղալ համագործակցության ամրապնդման առումով»,-ասել է Կոբախիձեն:

Նմանատիպ նյութեր