211652_close_icon

Մնացել է 21 հազար կենսաթոշակառու, որ դեռ կանխիկ է թոշակ ստանում և այդ թիվը օրեցօր նվազում է. Արսեն Թորոսյան

views-count418 դիտում article-date 13:21 19-02-2026
Ապրիլի 1–ից բոլոր կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկախիկ եղանակով, խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին որ մինչև մարտի 5–ը ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկախիկ եղանակով։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ փետրվարի 19–ին, կռավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե դա մինչև մարտի 5–ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով։ Այսինքն քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ և միգուցե նաև սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաև բավական ժամանակ, որպեսզի, երբ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։

Մենք տեսնում ենք, որ դա արդեն տեղի է ունենում։ Դեկտեմբերի սկզբին, երբ ամբողջությամբ անկանխիկի անցնելու խոսակցությունը նոր սկսվեց, ունեինք մոտ 50 հազար քաղաքացի, որոնք ստանում էին կանխիկ եղանակով կենսաթոշակները և նպաստները։ Այսօր առավոտվա դրությամբ ունենք 21 539 քաղաքացի, այսինքն մոտ 30 հազար քաղաքացի ինքնուրույն արդեն անցել են անկախիկի դաշտ։ Օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում է ինքնուրույն անցնել անկանխիկի դաշտ։

Կոչ եմ անում, որ մեր քաղաքացիները դա անեն ինքնուրույն և ընտրեն իրենց նախընտրած բանկը, որովհետև հակառակ դեպքում ավտոմատ է լինելու ընտրությունը, համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով։

Դրանից հետո, մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, մենք ապահովելու ենք քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով։ Եթե բանկը ավտոմատ ընտրվել է, ապա մինչև ապրիլի 1–ը հնարավոր չի լինելու փոխել բանկը, որպեսզի սահուն անցումը կատարենք։

Այդ առաքումից հետո արդեն հաջորդ կենսաթոշակը, որը վճարվելու է ապրիլի 1–ին, քաղաքացիները կստանան իրենց քարտով»,–ասաց նախարարը։

Նա նկատեց, որ այս գործընթացում շատ խոչընդոտների եկան, մասնավորապես, կան քաղաքացիներ, որոնք չունեն վավեր անձնագիր. «Մենք մեր գործընկերների հետ ընդհուպ այցելում ենք մեր քաղաքացիների տուն, ինքներս ենք անում այդ գործընթացը, նույնիսկ նկարում ենք, նկարը տպում ենք, իրենց փոխարեն դիմում ենք լրացնում, որ հնարավորինս սահուն տեղի ունենա այս անցումը։ Քաղաքացիներ կան, որ էլեկտրոնային փոստի հասցե չունեն, քաղաքացիներ կան նույնիսկ հեռախոս չունեն անձնական, որովհետևշատ մեծ տարիքի են և հաշմանդամություն ունեն։

Փորձում ենք այնպես անել, որ ապրիլի 1–ի դրությամբ որևէ մեկը զրկված չլինի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից»,–ասաց Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ընդունել որոշում, ըստ որի, քարտերը կառաքվեն հետևյալ կատեգորիայի թոշակառուներին ու նպաստառուներին՝  առաջին կարգի հաշմանդամություն  ունեցողներ, 85-ից բարձր տարիքի քաղաքացիներ, 75-85 տարեկան ծանր սահմանափակում ունեցող կամ երկրորդ կարգ ունեցող քաղաքացիներ՝ հաշվի առնելով, որ նրանք չեն կարող ինքնուրույն գնալ բանկ։

Նմանատիպ նյութեր